հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վահե Հովհաննիսյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վահե Հովհաննիսյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը:
 
 
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է դեսպան Շարվաշիձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
 
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությանը, ընդգծելով, որ վերջին ժամանակաշրջանում այն կրում է առավել ինտենսիվ բնույթ: Դրա մասին է վկայում նաև նախորդ տարվա հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների այցը Վրաստան:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: