ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Վարշավայում համաժողովի ընթացքում ընդգծել է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Վարշավայում համաժողովի ընթացքում ընդգծել է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։
 
Նախարարի տեղակալը ելույթով հանդես է եկել «Մրցունակ Արևելյան գործընկերության տնտեսությունների կառուցում անորոշ ժամանակներում» խորագրով պանելային քննարկմանը։
 
Իր ելույթում Արման Խոջոյանը կարևորել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովի դերը Արևելյան գործընկերության երկրների տնտեսությունների վերափոխման, դիմացկունության բարձրացման և կայուն համակարգերի ստեղծման տեսանկյունից։
 
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ԵՄ-ի միջև ամուր և շարունակական հարաբերություններին՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ ուղղված կառավարման բարելավմանը, նորարարությունների խթանմանը, տնտեսության արդիականացմանն ու թափանցիկության բարձրացմանը։

  • Կիսվել: