ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է անասնաբույժների լիցենզավորման համակարգ ներդնել. Տիգրան Գաբրիելյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է անասնաբույժների լիցենզավորման համակարգ ներդնել. Տիգրան Գաբրիելյան

Էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրական փոփոխություններով ցանկանում է անասնաբույժների լիցենզավորման համակարգ ներդնել։ Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ գյուղացիների կողմից կենդանիների բուժման համար տարբեր հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը մարդկանց մոտ հակաբիոտիկներով հարուստ միս օգտագործելու հետեւանքով հիվանդացության աճի է հանգեցնում, ինչպես նաեւ հարվածում է անասնաբույժի աշխատանքին, որն էլ պետք զբաղվի կենդանիների բուժմամբ:

Նա պարզաբանեց, որ փոփոխություններից հետո առանց համապատասխան կրթության ու լիցենզիայի անհնար կլինի բուժել կենդանիներին։ «Միայն լիցենզավորված անասնաբույժները կարող են ձեռք բերել հակաբիոտիկներ, պատվաստանյութեր եւ այլն։ Անասնաբույժի ամբողջ օրը հագեցած կլինի աշխատանքով, եւ նա հակված կլինի կատարելագործել իր հմտությունները եւ ավելի լավ ծառայություններ մատուցել։ Լիցենզավորման պատասխանատու մարմինը կդառնա Հայաստանի ագրարային համալսարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, էկոնոմիկայի նախարարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված խումբը»,- հավելեց Գաբրիելյանը։

Պաշտոնյան վստահեցրեց, որ բարեփոխումների արդյունքում Հայաստանում 3-4 տարի անց անասնաբուժությունը ավելի գրավիչ մասնագիտություն կդառնա։

Նա տեղեկացրեց, որ բջջային հավելված է մշակվում, որը թույլ կտա  կոնկրետ հասցեով հեռահար տեղեկատվություն ստանալ կենդանիների պատվաստման մասին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում անասնաբուժության ոլորտում կադրերի սուր պակաս կա։ «Այս խնդրի լուծման համար միջոցներ են ձեռնարկվում մասնագետների աշխատավարձերի եւ աշխատանքային պայմանների բարձրացման ուղղությամբ»,- վստահեցրեց նա։

  • Կիսվել: