ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը

Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԷՆ համակարգմամբ գործող Ստանդարտների և չափագիտության ազգային մարմինը (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ), համագործակցելով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության (EUD) հետ։

«Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում չափագիտության ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցների ձևավորման և զարգացման ուղղությամբ։ Այսօր մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր երկրի չափագիտական ենթակառուցվածքները շարունակաբար հզորանում են՝ ապահովելով տեղական և միջազգային շուկաներում մրցունակ ծառայություններ և արդյունքներ», - նշել է Նարեկ Հովակիմյանը։
 
Նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է նաև տրամաչափման լաբորատորիաների միջազգային ճանաչմանն ուղղված ձեռքբերումները․ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կազմում 2021–2023 թվականներին հիմնված երկու՝ Զանգվածի և հարակից մեծությունների, ինչպես նաև Ջերմային չափումների տրամաչափարկման լաբորատորիաները մայիսի 20-ին ստացել են միջազգային հավատարմագրման վկայակագիր։ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ սա ոչ միայն գիտատեխնիկական հաջողություն է, այլև՝ վստահության խորհրդանիշ Հայաստանի համար։
 
Միջոցառմանը մասնակցել են նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական համայնքի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

  • Կիսվել: