ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին․ Գալստյան
Հայաստանի բանկային համակարգն այս փուլում որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից:
Հունիսի 17-ի ասուլիսում անդրադառնալով իրանա-իսրայելական հակամարտության խորապատկերում ՀՀ բանկային համակարգի՝ արտաքին ճնշումներին դիմակայելու պատրաստ լինելու վերաբերյալ հարցին՝ նշեց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Նախկինում նշել ենք, որ մեր նպատակը եղել է մեր բանկային համակարգի կապիտալացումը բերել այն մակարդակին, որ դիմակայուն լինենք հնարավոր ցնցումներին: Գիտեք, որ հակացիկլիկ բուֆերները բարձրացրել ենք 1.75 տոկոսով: Այս տարվա մայիսից ուժի մեջ են մտել, մոտավորապես 150 միլիարդը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է խոսքը: Այդ կոնտեքստում, քանի որ զարգացումների վերաբերյալ ամենօրյա կամ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմում ենք՝ կարծում եմ, որ այս փուլում որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից»,- նշեց ԿԲ նախագահը: