Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է
Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով ավելի քան 12%-ի, որը 2018 թվականին կազմել է ընդամենը 7%:
Սոցիալական մեդիայի չարաշահումը բնութագրվում է որպես կախվածություն, որը բերում է վնասակար հետևանքների:
Դրանք են՝
🔸 սոցցանցերում անցկացված ժամանակահատվածի նկատմամբ վերահսկողության կորուստ,
🔸 այլ զբաղմունքներից հրաժարում (ուսում, սպորտ, աշխատանք և այլն),
🔸 իրական սոցիալական կապերի խաթարում (ընկերներ, բարեկամներ, ընտանիք, աշխատանք):
Ինչ ախտանիշներ կարող են դիտվել՝
🔸 իրականության զգացողության և հետաքրքրությունների կորուստ,
🔸 մշտական բնույթ կրող քնի խանգարումներ,
🔸 մշտական թուլության և հոգնածության զգացողություն,
🔸 դյուրագրգռություն, պոռթկունություն,
🔸 դեռահասների մոտ ագրեսիայի դրսևորումներ,
🔸 ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ,
🔸 աշխատունակության և ուսանելիության վատթարացում,
🔸 գլխացավեր:
Սոցիալական մեդիայից կախվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության մասնագետի (հոգեբան, հոգեբույժ): Չափազանց կարևոր է դեռահասների շրջանում կանխարգելումը՝
🔹 կիրառե՛ք սոցիալական մեդիայում անցկացվող օրական ժամանակահատվածի սահմանափակում,
🔹 շաբաթական մեկ անգամ հայտարարե՛ք առանց սոցիալական մեդիայի օր,
🔹 քննարկե՛ք դեռահասի հետ սոցիալական մեդիայի վնասակարությունը և օգուտները,
🔹 առաջարկե՛ք զբաղմունքի այլընտրանքներ՝ սպորտ, հոբբի, ընտանեկան համատեղ ակտիվություն,
🔹 խրախուսե՛ք կենդանի շփումները: