ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հազարավոր երեխաներ հնարավորություն կունենան ստանալ մրցունակ կրթություն

Հազարավոր երեխաներ հնարավորություն կունենան ստանալ մրցունակ կրթություն

Սա այն վարկային համաձայնագրերից է, որի հիմնավորվածությունն առավել քան ակնհայտ է: Տոկոսադրույքները բավականին լավն են. նշել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում հազարավոր երեխաներ հնարավորություն կունենան ստանալ մրցունակ կրթություն: Այս համատեքստում Գևորգ Պապոյանը կարևորել է դասավանդողների վերապատրաստման հարցը, ինչպես նաև աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների մագիստրոսական ծրագրերի ներդրումը բուհերում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի և Աշտարակի ավագ դպրոցները, Երևանի թիվ 139 ավագ դպրոցը:

Քննարկվող համաձայնագրի շրջանակում 200 դպրոցներում կստեղծվեն բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիական լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է, որ մինչև 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:

Հանրապետության 80 բնակավայրում համաձայնագրի շրջանակում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան: Ծրագրվել է մինչև 2026 թ. ստեղծել 500 նախակրթարան:

Բուհերը կստանան նորարարական և զարգացման ծրագրեր իրականացնելու դրամաշնորհներ: Այս ծրագիրը շարունակվում է նախորդ վարկային ծրագրից. բուհերն արդեն մեծ ծավալի աշխատանքներ են կատարել այս մասով:

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը` տարեկան 0,25 տոկոս:

Ժաննա Անդրեասյանը, ի պատասխան պատգամավորների հարցերի, նշել է, որ Կառավարությունը դպրոցների հիմնանորոգման, դպրոցաշինության աշխատանքներն իրականացնում է տարբեր ծրագրերի միջոցով: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է իրականացնել ծրագրվածի մի մասը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

  • Կիսվել: