շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի են DigiTec 2022-ի անցկացման նոր օրերը

Հայտնի են DigiTec 2022-ի անցկացման նոր օրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թվականի մարտի 10-12-ը։

«Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել»,- հետաձգման առիթով նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Կազմակերպիչները հայտնում են, որ մարտին DigiTec Summit 2022-ը կանցկացվի հետևյալ խորագրով՝ «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում»/ What role does tech play in helping democracies become more resilient in an increasingly unstable world?։

«DigiTec 2022-ը կհետազոտի առողջ թեք ոլորտի, աճի և ժողովրդավարական զարգացման անվտանգ հարթակների միջև փոխկապվածությունը։ Թեման տեսակետների բազմազանությամբ կներկայացնեն խոսնակներ Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից և այլ երկրներից»,- նշել է վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։

Հիշեցնենք, որ DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ-ի կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը:

DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված են 125 տեղական և արտասահմանյան ընկերություններ։ 2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։

  • Կիսվել: