ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀայՓոստը 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է շահել

ՀայՓոստը 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է շահել

 ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կստանա:

Ինչպես հայտնում են ՀայՓոստից, համաշխարհային փոստային միության ծառայության որակի բարձրացման ֆոնդի կողմից վերոնշյալ գումարը կհատկացվի ՀայՓոստին  20 նոր էլեկտրոմոտոցիկլետ ձեռք բերելու համար։

Դեռևս 2021թ․ նոյեմբերին ՀայՓոստ ընկերությունը ՀՓՄ որակի բարձրացման ֆոնդին էր ներկայացրել ծրագիր, ըստ որի, ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Էլեկտրոմոտոցիկլներ՝ նոր սուրհանդակային ծառայությունը մեկնարկելու նպատակով։ Սույն թվականի մարտի 15-ին որակի բարձրացման ֆոնդի խորհուրդը հավանություն է տվել ՀայՓոստ ընկերության ներկայացրած ծրագրին, ըստ որի ՀայՓոստին տվյալ ծրագրի շրջանակում հատկացնելու է 200,000 ԱՄՆ դոլար։

ՀայՓոստ ընկերությունը միանում է ՀՓՄ կողմից առաջարկվող «զրո արտանետում» և «կանաչ միջավայր» ծրագրերին, ըստ որի փոստային օպերատորներին խորհուրդ է տրվում սեփական գործունեության ծավալման համար օգտագործել մեքենաներ, որոնք աշխատում են էլեկտրական սնուցմամբ։ Տվյալ ծրագրի իրականացումը թույլ կտա պակասեցնել արտանետումների քանակը, որը այս պահին հանդիսանում է համաշխարհային խնդիրներից մեկը։

«Շատ ուրախալի է, որ ՀայՓոստը կարողացավ շահել այս կարևոր դրամաշնորհը: Էլեկտրոմոտոցիկլների ձեռքբերմամբ ՀայՓոստը իր համագործակցության պատրաստակամությունն է հայտնում համաշխարհային տենդենցներին մասնակցելու համար: Միաժամանակ ՀայՓոստը կկարողանա գործարկել նոր, անհրաժեշտ սուրհանդակային ծառայությունը, որը սպասված է մեր հաճախորդների կողմից»,- նշեց գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նշվում է, որ տվյալ էլեկրոմոտոցիկլետները նախատեսվում է ներմուծել 2022թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում, իսկ սուրհանդակային ծառայությունը մեկնարկել 2-րդ եռամսյակի վերջ։

  • Կիսվել: