Հայկական առաջին արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման. ՀՀ-ն աշխատում է կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ
ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման. այժմ աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: Նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Մոտ ժամանակներս Հայաստան կայցելի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կառավարման կենտրոնի մոնտաժային աշխատանքներով: Սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետներն անցնում են վերապատրաստման աշխատանքներ:
Նախարարը հավելեց՝ ցանկանում են Հայաստանում զարգացնել նաև արբանյակաշինությունը: Դրա զարգացումը Հայաստանի համար շատ նպաստավոր կլինի, զարկ կտա միաժամանակ մի քանի ոլորտի զարգացման: «Հայաստանում արդեն կային գործող ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին տիեզերական տեխնոլոգիաներին, և այս նախագիծը հնարավորություն տվեց մեզ համար բացահայտել այդ ընկերությունների կարողությունները»,-ասաց Խաչատրյանը:
SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին նշեց, որ Հայաստանը հնարավորություն ունի արբանյակն ամբողջությամբ կառավարել սեփական ուժերով: «Կառավարման կենտրոնը երկու կարևոր գործառույթ է իրականացում: Առաջինն այն է, որ կառավարման կենտրոնում տվյալները ներբեռնվում են, երկրորդն այն է, որ ամբողջ տվյալների բազան ներբեռնվում է, և այդ բազան կարող է գործածվել՝ հետագայում կիրառվելով նաև կառավարության կողմից»,-ասաց նա՝ սա շատ կարևոր առաջընթաց որակելով: