հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում է

Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում է

 Հայաստանը Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից հետո չորրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանմամբ։ Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը 6,5 տոկոս է կազմել։
 
«Այն երկրի համար, որն ի տարբերություն Բելառուսի ու Ղազախստանի, ավտոմեքենաներ չի արտադրում, դա բավական լուրջ ցուցանիշ է», - ընդգծեց փորձագետը:
 
Նա հիշեցրեց, որ շահագործվող բոլոր մեքենաները պետք է անվտանգության համապատասխան հավաստագրեր ստանան։ Նոր մեքենաները ստանում են այսպես կոչված «տրանսպորտային միջոցի տեսակի հավանությունը», որը տրամադրում է հենց արտադրողը, իսկ Հայաստանում վնասված, վերանորոգված մեքենաների համար պետք է ստանալ «Անվավոր տրանսպորտային միջոցի անվտանգության վկայական»՝ դրա շահագործման պիտանիությունը հաստատելու համար:
 
Փորձագետը նշեց, որ մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ավտոշուկայում շրջանառվող ավտոմեքենաների համար այդ մեխանիզմը չի կիրառվել։
Պետրոսյանի խոսքով` Ռուսաստանում այդ հարցը շատ խիստ է դրված, և առանց անվտանգության հավաստագրի մեքենաները չեն կարող շրջանառության մեջ դրվել։ Հիմնական պահանջը «Էրա Գլոնաս» արբանյակային համակարգի տեղադրումն է՝ փրկարարական ծառայություններ կանչելու համար։
 
Միևնույն ժամանակ` հակառուսական պատժամիջոցների ֆոնին էլեկտրոնային սարքերի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանում տրանսպորտային միջոցների սերտիֆիկացման պահանջները զգալիորեն մեղմվել են, ինչը նպաստել է Հայաստանից ռուսական շուկա ավտոմեքենաների արտահոսքի ավելացմանը։
 

  • Կիսվել: