երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանը լոգիստիկ առումով դեռևս մնում է շատ պրոբլեմային. խնդրի լուծման գլխավոր ծրագրերից է «Չոր նավահանգստի» նախագիծը. Վահան Քերոբյան

Հայաստանը լոգիստիկ առումով դեռևս մնում է շատ պրոբլեմային. խնդրի լուծման գլխավոր ծրագրերից է «Չոր նավահանգստի» նախագիծը. Վահան Քերոբյան

Մենք անցած շաբաթ մի քանի հանդիպում ենք ունեցել և քննարկել հնարավոր ռիսկերը չեզոքացնելու հարցը: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը չնյութականանան:

Այս մասին այսօր կառավարության ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք նախորդ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարած՝ դիզվառելիքի հնարավոր թանկացման մասին տեղեկատվությունը կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որպեսզի չարդարացված գնաճ տեղի ունենա:

Քերոբյանը շեշտեց, որ նշել է, թե թանկացման ռիսկ կա և դրա համար խոսում են տարբեր երկրների ղեկավարների հետ հասկանալու համար, թե ինչ արգելքներ կարող են առաջանալ և դրանք վերացնում են:  

«Այսօր, կարող եմ ասել, որ մեր գործընկերների հավաստմամբ մինչև ամառ արգելքների հետ կապված խնդիրներ քիչ հավանական է, որ կլինեն: Դրանից հետո պետք է այնպես անենք, որ դիվերսիֆիկացնենք մեր մատակարարման ուղիներն այնպես, որ նման խնդիրներ չառաջանան: Գիտեք, որ Հայաստանը լոգիստիկ առումով դեռևս մնում է շատ պրոբլեմատիկ և այդ խնդիրները լուծելու համար մեզ համար գլխավոր ծրագրերից մեկը, որը պետք է օգնի, որպեսզի մենք ավելի լավ կապվածություն ունենանք աշխարհի հետ՝ դա «Չոր նավահանգստի» նախագիծն է»,- ասաց Քերոբյանն ու հայտնեց, որ երկու օր առաջ հանդիպում է ունեցել DP world-ի ներկայացուցիների հետ և ներկայացրել է «Չոր նավահանգստ»-ի նախագիծը և քննարկել են իրենց հետ համագործակցելու հնարավորությունները:

Նախարարը հայտնեց, որ հանդիպել է նաև ԱՄԷ-ի էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարների հետ: Քննարկել են փոխադարձ համագործակցությունն ընդլայնելու հարցը.

«Պետք է նկատի ունենալ, որ շատ լավ տնտեսական կոնտեքստում է, որովհետև ԱՄԷ-ի հետ աևտրաշրջանառությունը 7 անգամ աճել է և հատել է 1 մլրդ-ի սահմանը: Հիմա մեր արաբ գործընկերները շատ ավելլի մեծ հետաքրքրությամբ են նայում հայկական պրոյեկտներին»,- նշեց Քերոբյանը:

  • Կիսվել: