հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը հակաճգնաժամային դրամաշնորհի համար դիմել է ԵԱԶԲ

Հայաստանը հակաճգնաժամային դրամաշնորհի համար դիմել է ԵԱԶԲ

Հայաստանը հակաճգնաժամային դրամաշնորհի համար դիմել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին ։ Այս մասին մայիսի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ։

Նրա խոսքով ՝ դրամաշնորհային միջոցները կուղղվեն Հայաստանի երեք մարզերում հիվանդանոցների եւ լաբորատոր հնարավորությունների վերազինմանը ՝ համաճարակի դեմ պայքարի պայմաններում:

"Այս պահին մշակվում է հիմնադրամի քաղաքականությունը դրամաշնորհների, վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ, որը շուտով կհրապարակվի", - հավելել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ի ներդրումները ՀՀ-ում  01.04.2020 –ի դրությամբ կազմում են 14 նախագիծ 223,5 մլն դոլարով , որն ընդգրկում է ընդհանուր ծավալի 2,6% - ը: ՀՀ-ում ԵՃՇՀ-ի ներդրումային պորտֆելը նույն թվականի համար կազմում է 490 մլն դոլարի 3 նախագիծ ( ընդհանուր ծավալի 9% - ը): Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009 թվականի ապրիլին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է $ 100 հազ.

Նշենք, որ կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը  8,513 մլրդ դոլարի չափով ստեղծվել է 2009 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների կողմից:

Դրա նպատակներն են՝ աջակցել մասնակից պետություններին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, դրանց տնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման եւ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների աջակցության գործում: Կազմակերպության մասնակից պետությունները ԵԱԶԲ-ին օժտել են Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթներով եւ բանկի հետ կնքել են ԵՖՍՀ-ի միջոցների կառավարման համաձայնագիր:

 

  • Կիսվել: