երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հայաստանը դիտարկում է Չաբահարի նավահանգստային օպերատոր դառնալու հնարավորությունը, ինչը կնպաստի նաև հայ-հնդկական տնտեսական կապերի խորացմանը

Հայաստանը դիտարկում է Չաբահարի նավահանգստային օպերատոր դառնալու հնարավորությունը, ինչը կնպաստի նաև հայ-հնդկական տնտեսական կապերի խորացմանը

Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Առևտրաշրջանառության կառուցվածքն ու ծավալները դեռևս չեն համապատասխանում երկու երկրների տնտեսական փոխգործակցության իրական հնարավորություններին: Հայ-հնդկական առևտրաշրջանառության զարգացման կարևոր գործոն կարող է դառնալ լոգիստիկ խնդրի կարգավորումը: Այդ առումով հատկապես կարևոր է իրանական Չաբահար նավահանգստի նշանակությունը: Հայաստանը, ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, ներկայումս դիտարկում է Չաբահարի նավահանգստային օպերատոր դառնալու հնարավորությունը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

- Երկու երկրների դիվանագիտական հարաբերություններն ու տնտեսական կապերը տարեցտարի զարգանում են: Այնուամենայնիվ, տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հայաստանը և Հնդկաստանը հետաքրքրված են տնտեսական համագործակցության խորացմամբ և երկուստեք քայլեր են ձեռնարկում տնտեսական կապերի ամրապնդման, ընդլայնման, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցության ձևավորման համար:

Ըստ վիճակագրական տվյալների՝ անցյալ տարի Հնդկաստանից Հայաստան ապրանքների ներկրումն աննշան գերազանցել է ՀՀ-ից այդ երկիր արտահանման ցուցանիշըԱյդ պատկերը փոխելու ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը:

- Հարկ է նշել, որ Հնդկաստանը տարատեսակ հումքի խոշորագույն արտադրող է աշխարհում: Հայկական ընկերությունները Հնդկաստանից ներմուծում են տարբեր տեսակի հումք, որը Հայաստանում վերածվում է վերջնական արտադրանքի և սպառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանվում է տարբեր երկրներ:

2023 թվականին Հայաստանից Հնդկաստան է արտահանվել շուրջ 35 մլն դոլարի արտադրանք, որի գերակշիռ մասը՝ մոտ 95 տոկոսը, եղել է անմշակ կամ կիսամշակ ոսկի: Այդ տեսանկյունից Հայաստանից Հնդկաստան արտահանումն ապրանքային առումով լուրջ դիվերսիֆիկացման կարիք ունի:

Հատկապես որ ոլորտներո՞ւմ կարող է առավել արդյունավետ զարգանալ երկու երկրների համագործակցությունըԻ՞նչ գործոններ են խոչընդոտում այդ հարաբերությունների ավելի ակտիվ զարգացմանը:

- Հայաստանը կարող է դիտարկվել որպես ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ մուտք գործելու կարճ ուղի և հայ-հնդկական համատեղ ձեռնարկությունների ստեղծման տրամաբանությունը հենց այդ շրջանակներում պետք է ընթանա: Ոլորտները կարող են լինել բավականին բազմազան՝ տեքստիլ արդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, թեթև և ծանր արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն: Համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա նաև ագրոպարենային արտադրանքի ոլորտում՝ հաշվի առնելով, որ 2023 թվականին մեր երկրների միջև ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը կազմել է 28.72 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառության զարգացմանը կարող է նպաստել հատկապես իրանական նավահանգիստներով բեռնափոխադրումների ծավալների ավելացումը: Այդ ուղղությամբ ներկայումս կատարվում են համապատասխան աշխատանքներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվի «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր»:

Անցյալ տարվա գարնանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստան կատարած այցի ընթացքում այդ երկրին առաջարկել էր օգտվել Հայաստանով անցնող առևտրային միջանցքով և կարճ ճանապարհով հասնել սևծովյան նավահանգիստներ: Դրա կարևորության մասին արտահայտվել են նաև Իրանը ու ՀնդկաստանըԱյդ ուղղությամբ որևէ գործընթաց ընթանո՞ւմ էեթե այո՝ ի՞նչ փուլում է:

- Ներկայումս Հայաստանի Հանրապետության գերխնդիրն է բարենպաստ լոգիստիկ պայմանների ապահովման միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորություն ընձեռել արտահանմամբ զբաղվող հայկական բիզնեսներին: Միաժամանակ, ապահովել մասնակցությունը միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների երթուղիներում: Այս տեսանկյունից կարևորվում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին: Ընդ որում, այս նախագծում Հայաստանը կարող է բեռնափոխադրումների այլընտրանքային երթուղու ձևավորման կարևոր մասնակից և իրագործող դառնալ՝ առաջարկելով այլընտրանքային միջանցք՝ Վրաստանի և Սև ծովի միջոցով Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև Եվրոպան Հնդկաստանին կապելու համար: Միջանցքը կարող է օղակ հանդիսանալ ցամաքային երթուղով Ռուսաստանի Դաշնություն հասնելու համար: Այս գործընթացում կարևորվում է այն հանգամանքը, որ Հայաստանը միակ երկիրն է, որը Եվրոպական Միության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), ինչպես նաև անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):

Հայաստանի և Հնդկաստանի միջև տրանսպորտային կապի կարևոր հանգույց կարող է հանդիսանալ Իրանի Չաբահար նավահանգիստը, որի միջոցով կանոնավոր ծովային բեռնափոխադրումների իրականացման պարագայում հնարավոր է էականորեն բարձրացնել Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները: Հայաստանը ներկայումս դիտարկում է նաև Չաբահարի նավահանգստային օպերատոր դառնալու հնարավորությունը: Այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվում են քայլեր տեխնիկատնտեսական հիմնավորումներ ստանալու ուղղությամբ:

  • Կիսվել: