ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը

Հայաստանում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը

Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում»` PPRD East ծրագրով հունվարի 23-24-ը իտալացի գործընկերները Երեւանում հանդես եկան «Անտառային հրդեհների դեմ պայքարի գործիքներ եւ անտառային հրդեհների ազգային տեղեկագրի մշակում» դասախոսություններով։

Մասնակցում էր 10 հոգի Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից՝ բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման եւ փրկարարական ուժերի վարչություններից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետ ծառայությունից։

ՓՈՒՎ հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Այվազյանի խոսքով՝ Իտալիայում անտառային հրդեհների կանխարգելման եւ արձագանքման արդյունավետ տարբերակներ կան՝ որսիչներն ու արբանյակները, որոնց միջոցով հավաքվում է տեղեկատվություն։ Հրդեհավտանգ ժամանակահատվածում վերլուծական կենտրոնը գրանցում է որսիչների հաղորդած տեղեկությունը, փոխանցում արձագանքող ուժերին։ Նախատեսվում է այս մեխանիզմը տեղայնացնել եւ ներդնել նաեւ մեր երկրում՝ հարմարեցնելով մեր ռելիեֆին ու կլիմային։ Որպես պիլոտային մարզ՝ արդեն ընտրվել է Լոռին։

«Մեզ հատկապես հետաքրքրեց համակարգչային ծրագրի այն հատվածը, որտեղ հնարավոր է մուտքագրել, օրինակ, կոնկրետ տարածքը, քամու ուղղությունն ու ուժգնությունը, օդի խոնավությունը եւ տեսնել , թե ինչպես է ընթանում հրդեհի զարգացումը՝ ընդհուպ մինչեւ 24 ժամում։ Ճիշտ է՝ մեր փրկարարներն անընդհատ շրջում են հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացնում հրդեհի հավանականության ու վտանգների մասին, սակայն ծրագիրը կօգնի կատարելագործել կանխարգելման հմտությունները»,- նշում է մասնագետը։

Հրահանգիչը նաեւ նկատում է՝ նախորդ տարի Խոսրովի արգելոցում ծավալուն աշխատանքներ են տարվել, տեղադրվել են ջրի խողովակներ, բաքեր։ Այսուհետ, հրշեջ-մեքենաների՝ ջրով լիցքավորելու խնդիրն ավելի հեշտ կլուծվի։ Իսկ Լոռու մարզում պիլոտային ծրագրի ընթացքին դեռ կանդրադառնանք։

  • Կիսվել: