ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը կիսով չափ նվազել է

Հայաստանում հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը կիսով չափ նվազել է

Հայաստանում հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8 տոկոսի` մայիսի 13.6 տոկոսի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկի վերլուծությունից:

Սա հիմնականում պայմանավորված էր ոչ առևտրային ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ, որը մայիսի 12.3 տոկոսի համեմատ հասել է 4 տոկոսի` հունիսին: Դա պայմանավորված էր բարձր բազայի ազդեցությամբ (2022 թ. հունիսին աճը եղել է 36 տոկոս):

Արդյունաբերական թողարկման ծավալների կրճատումը դանդաղման պատճառներից մեկն է` պայմանավորված հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի թողարկման ծավալների 15.6 տոկոս նվազմամբ:

Շինարարության և առևտրի ոլորտը շարունակել է կայուն աճել` համապատասխանաբար 18 և 20 տոկոսով: 2023 թ. 1-ին եռամսյակում հանրագումարային աճը հասավ 11.4 տոկոսի. աճի տեմպն ամենաբարձրն է եղել առևտրի ոլորտում (23.6 տոկոս), իսկ ամենացածրը` արդյունաբերության (1 տոկոս):

2023 թ. Առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 2 տոկոս աճ, ինչը պայմանավորված է այգեգործության ոլորտի վերականգնմամբ, իսկ անասնապահության և ձկնաբուծության ծավալները կրճատվել են:

Հունիսին Ռուսաստանից դրամական զուտ փոխանցումները 33 տոկոսով պակաս են եղել 2022 թ. հունիսի փոխանցումներից, բայց երեք անգամ գերազանցել են 2021 թ. հունիսի ցուցանիշը: Զուտ արտահայտությամբ` 2023 թ. հունիսին դրամական փոխանցումները կազմել են 130 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 2.7 անգամ գերազանցում է մայիսի ցուցանիշը, բայց 15 տոկոսով ցածր է անցած հինգ ամիսների միջինից:

Դրամական փոխանցումների ներհոսքերում ու արտահոսքերում նկատվում են զգալի տատանումներ: 

Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների (3.9 տոկոս), տրանսպորտի (1.7 տոկոս) և հաղորդակցության (0.5 տոկոս) գների անկմամբ: Գնաճի կտրուկ անկումը պայմանավորված էր արտաքին ինֆլյացիոն ցածր ճնշումներով, խիստ դրամավարկային քաղաքականությամբ և ՀՀ դրամի շարունակական ամրապնդմամբ, ինչպես նաև մի շարք բազային ազդեցություններով: Օգոստոսի 1-ին Կենտրոնական բանկն իր խորհրդի նիստում վերաֆինանսավորման դրույքը իջեցրեց 2.5 բազիսային կետով` հասցնելով 10.25 տոկոսի:

  • Կիսվել: