ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում գրանցված ու հարկման բազա ունեցող աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել. Վարչապետ

Հայաստանում գրանցված ու հարկման բազա ունեցող աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել. Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հրապարակեց Հայաստանում գրանցված և հարկման բազայում աշխատատեղերի նոր ցուցանիշը:

«Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ:

Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 170 277 աշխատատեղ. ընդ որում՝ նախորդ տարվա մայիսի համեմատ նույնպես աճ ունենք. ապրիլի համեմատ նույնպես աճ ունենք:

Շատ կարևոր է արձանագրել, որ էական աճ ունենք աշխատավարձի ֆոնդի, և 2018 թվականի մայիսի համեմատ ՀՀ-ում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է. ավելացել է 106.6 տոկոսով կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին:

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը, և ՀՀ-ում մեկ մարդուն ընկնող աշխատավարձը 2018 թվականի մայիսի համեմատ ավելացել է 101 629 դրամով կամ 57.6 տոկոսով, իսկ շատ կարևոր է նաև, որ աշխատավարձն աճել է 2023 թվականի մայիսին նաև 2023 թվականի ապրիլի համեմատ մոտավորապես 4215 դրամով կամ 1.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 40 323 դրամով կամ 17 տոկոսով: Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք և՛ քանակական, և՛ որակական որոշակի տվյալներ են տալիս:

Աշխատավարձը շարունակաբար բարձրանում է ՀՀ-ում: Ընդ որում՝ չափազանց կարևոր է՝ գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած, ՀՀ-ում աշխատավարձը 6.3 տոկոսով բարձրացել է:

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր և շատ էական ցուցանիշ է: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք բարեփոխումների մեր օրակարգը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: