հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի շահույթը միասին կազմել է 78 մլրդ դրամ

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի շահույթը միասին կազմել է 78 մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի 2019 թ. ընդհանուր կապիտալը կազմել է 844,8 մլրդ դրամ՝ 2018 թ. համեմատ 73 մլրդ դրամով կամ 9,5%-ով ավելի: Վերջին 10 տարիների կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ 2019 թ. բոլոր առումներով բարենպաստ տարի է եղել բանկային համակարգի համար. «Վարկավորման որոշ ցուցանիշների առումով բավական բարձր են աճի տեմպերը, մասնավորապես՝ հիփոթեքային վարկավորման և սպառողական վարկերի աճի դինամիկան կարելի է ասել աննախադեպ է»,- ասաց Մհեր Աբրահամյանը:

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի շահույթը միասին կազմել է 78 մլրդ դրամ՝ 2018 թ. համեմատ աճելով 15.8 մլրդ դրամով կամ 25.4%-ով։

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով էլ բանկային համակարգի ակտիվները նույն ժամանակահատվածում աճել են 842 մլրդ դրամով կամ 17 %-ով՝ կազմելով 5 տրլն 805 մլրդ դրամ:

Ըստ Բանկերի միության տվյալների՝ 2019 թ. Հայաստանի բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 357 մլրդ դրամ՝ 2018 թվականի համեմատ արձանագրելով 327 մլրդ դրամով կամ 10.1%-ով աճ: Ավանդները ևս աճել են՝ 637 մլրդ դրամով կամ 22.4%-ով՝ 2019 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 տրլն 477 մլրդ դրամ:

2019թ-ին արտասահմանից տրանսֆերտների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 173 մլն դոլարով կամ 9.7%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 267 մլն դոլարով կամ 22.5%-ով, իսկ ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է  343 մլն դոլարով կամ  57.5%-ով:

  • Կիսվել: