կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի․ Գևորգյան

Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի․ Գևորգյան

Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Նա, մասնավորապես, հայտնեց, որ բենզինի շուկայում գործող «Petrol Market» ընկերության 100%-ը ձեռք է բերվել աֆիլացված ընկերությունների կողմից։ 

«Այսպիսով, շուտով Հայաստանում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի»,-ընդգծեց Գեւորգյանը։

Նա նշեց, որ կրոնավիրուսի համավարակի, լոքդաունի ընթացքում աշխարհում առաջացել էր բենզինի չսպառված էական ծավալ, ենթակառուցվածքների բացումից հետո արտադրող ընկերությունները միանգամից բարձրացրել են գները: 

«Ես արդեն մեկ տարի առաջ ասել էի, որ բենզինի գները բարձրանալու են: Ես գուշակությամբ չեմ զբաղվում, գոյություն ունի բորսաների վերլուծություն: Կորոնավիրուսի ժամանակ կար բենզինի էական չսպառման ծավալ, դրա համար գները կտրուկ անկում էին ապրել, այնուհետև ենթակառուցվածքների բացման արդյունքում առաջացավ մեծ պահանջարկ: Եվ բենզին արտադրող այն  ընկերությունները, որոնք կրել էին տևական կորուստներ, գները միանգամից բարձրացրին»,-ասաց Գևորգյանը:

ՌԴ-ից ՀՀ բենզին ներմուծման ընթացքում կատարվում են տրանսպորտային ծախսեր: Գևորգյանը նշեց՝ այսպիսով զուտ տրամաբանորեն Հայաստանում չի կարող լինել այն գինը, ինչ ՌԴ-ում է:  

«Հիմա մենք նավթի և նավթամթերքի միասնական շուկա ենք փորձում ԵԱՏՄ-ում ստեղծել, որտեղ էլի հետևյալ սկզբունք է գործում՝ նավթամթերքի  կետում ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները հավասար գնի ու հավասար պայմանի հնարավորություն են ունենալու: Սակայն ԵԱՏՄ անդամ երկրներ տեղափոխման և այլ ծախսերը բնականաբար տարբեր են լինելու: Հիմա մենք փորձում ենք այդ շղթան հնարավորինս հեշտացնել, որ ծախսերի նվազեցում տեղի ունենա»,-ասաց նա:

Գևորգյանը վստահեցրեց՝ մտահոգությունը, թե բենզինի շուկան փակ է, անհիմն է: «Հենց Իրանը բացում է և հնարավորություն է ունենում ՀՀ բենզին մատակարարել, մեծ ակտիվություն է դրսևորվում, գները մի փոքր իջնում են»,-նշեց նա:

  • Կիսվել: