հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում այս տարի կբացվի առողջապահական 3 կենտրոն. Գևորգ Թամամյան

Հայաստանում այս տարի կբացվի առողջապահական 3 կենտրոն. Գևորգ Թամամյան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում 2023 թվականին կմեկնարկեն նոր ծառայություններ, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն երկրի համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը:

«Առաջին կենտրոնը կբացվի հենց այս ամիս, այն «Քաղցկեղը վերապրածների կենտրոն»-ն է, որը կդառնա բուժումն ավարտած բոլոր երեխաների հանդիպման վայրը: Նրանք այդ նեղ մասնագիտացված կենտրոնում կշարունակեն մնալ հսկողության տակ, կտրամադրվի թե՛ բժշկական, թե՛ հոգեբանասոցիալական աջակցություն»,- նշեց Թամամյանը:

2023-ի ամռանը Հայաստանում կբացվի «Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության» կլինիկան, որը ստեղծվում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի աջակցությամբ։ Ընթացքի մեջ է նաև երիտասարդների և պատանիների ուռուցքաբանական ծրագիրը: Գևորգ Թամամյանի խոսքով՝ այն աննախադեպ է լինելու Հայաստանի համար: Հատկանշական է, որ նույնիսկ զարգացած շատ երկրներ նման ծրագիր չունեն:

Տարեվերջին Հայաստանը կունենա նաև մանկական իմունոլոգիական կլինիկա։

Ներկա պահին հայ մասնագետներն աշխատում են միջազգային մասնագիտացված խմբերով, տարբեր երկրների առաջնակարգ ուռուցքաբանների հետ միահամուռ ուժերով քննարկում են մանկական քաղցկեղի յուրաքանչյուր դեպք՝ փորձելով գտնել բուժման ամենաազդեցիկ տարբերակները, կիսվել փորձով։ Հատկանշական է, որ հայ ուռուցքաբանների հեղինակությունը բավական բարձր է ոլորտում, ինչի վկայություններից է նաև մայիսին Հայաստանում անցկացվելիք Մանկական ուռուցքաբանություն միջազգային միության ասիական կոնգրեսը:

  • Կիսվել: