հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. ՄՊՀ նախագահ

Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. ՄՊՀ նախագահ

Հայաստան բենզին, դիզվառելիք գալիս է Ռուսաստանից, նաև Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից, որևէ այլ երկրի ծագման, այդ թվում՝ ադրբեջանական բենզին չկա երկրում: Այս մասին վստահեցրեց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի հարցին:

Մինասյանը ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին խնդրեց պատասխանել հարցին՝ նկատի ունենալով հանրության շրջանում առկա տարբեր խոսակցությունները: «Արդյոք բենզինի և դիզվառելիքի շուկայում մենք ունե՞նք ադրբեջանական ծագման բենզին, արդյոք Հայաստանում այս շուկայում գործող կազմակերպությունները ուղղակի կամ անուղղակի կապվա՞ծ են  ադրբեջանական կազմակերպությունների հետ: Եվ արդյոք բենզինի և դիզվառելիքի շուկայում ադրբեջանական «SOCAR» ընկերության դերակատարումը կա՞, թե՞ ոչ: Ունե՞ք տեղեկատվություն»,-հարցրեց պատգամավորը:

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ, իհարկե, ունի տեղեկատվություն: Նա հավելեց՝ ինչպես հասկանում է՝ այդ խոսակցություններն իրենց վերջին թույլ տված գործարքի մասին է, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ: «Գործարքը կատարվել է վրացական Petrocas ընկերության միջև, որը ներկայացնում է GULF բրենդը: Ծագման երկրները հստակ են: Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս է գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ-ում որևէ այլ երկրի ծագման բենզին չկա»,-վստահեցրեց Գևորգյանը:

Նա հավելեց, որ սահմանի վրա հսկողություն տեղի է ունենում՝ ԵԱՏՄ ռեժիմով, սակայն դա չի խանգարում, որ իրենք ևս բովանդակային վերահսկողություն իրականացնեն տեղում:

  • Կիսվել: