Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ցուցանիշների աճ է գրանցվել տնտեսության մի շարք ոլորտներում, սակայն նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը:
Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.5 տոկոսով՝ կազմելով 599 մլն 826.7 հազար դրամ: Մարտին մեկամսյա կտրվածքով աճել է 15.9 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 16.9 տոկոսով՝ կազմելով 219 մլն 340 հազար դրամ:
Փետրվարին՝ հունվարի համեմատ, ծավալը նվազել է 0.9, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 26.7 տոկոսով՝ կազմելով 189 մլն 443.9 հազար դրամ:
Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 41.3, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 10.4 տոկոսով՝ կազմելով 190 մլն 547 հազար դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.5 տոկոսով՝ կազմելով 97 մլն 469.9 հազար դրամ: Ոլորտի վերաբերյալ այլ ցուցանիշներ չեն ներկայացվում:
Շինարարության ծավալը տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.6 տոկոսով՝ կազմելով 77 մլն 568.1 հազար դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 31.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15.5 տոկոսով՝ կազմելով 32 մլն 920 հազար դրամ:
Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 36.8, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 12.7 տոկոսի աճ՝ կազմելով 25 մլն 394.6 հազար դրամ:
Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 86.3 տոկոսով, ինչը, սակայն, 11.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը և կազմել 19 մլն 253.5 հազար դրամ:
Ներքին առևտրի շրջանառությունն այս տարվա առաջին երեք ամիսներին 6 տոկոսով մեծ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 մլրդ 343 մլն 627.6 հազար դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 16.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 3.2 տոկոսով՝ կազմելով 520 մլն 969.3 հազար դրամ:
Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 16.6, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 6 տոկոսի աճ՝ կազմելով 443 մլն 503.2 հազար դրամ:
Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 51.8 տոկոսով, սակայն 9.9 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 379 մլն 155.1 հազար դրամ:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 2025-ի առաջին եռամսյակում 11.5 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 865 մլն 288.2 հազար դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 11.5, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 10.1 տոկոսով՝ կազմելով 309 մլն 167.9 հազար դրամ:
Փետրվարին՝ հունվարի համեմատ, նվազել է 1.3 տոկոսով, սակայն նախորդ տարվա փետրվարի համեմատ բարձր է եղել 12.1 տոկոսով՝ կազմելով 276 մլն 88.5 հազար դրամ:
Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, նվազել է 19.7, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 12.6 տոկոսով՝ կազմելով 280 մլն 31.8 հազար դրամ: