երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութան նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին:
 
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:
 
Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ Ծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ն) կզարդարեն Ստրասբուրգի Saint Thomas հրապարակում տեղակայված հայաստանյան հյուրընկալ տաղավարը:
 
Արդեն երեք օր է, ինչ տոնավաճառի այցելուներին առաջարկվում են հայկական կենսունակ ժառանգության, այդ թվում՝ գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները:
 
Համաեվրոպական այս կարևորագույն հարթակում ներկայացվածությունը կնպաստի հայկական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ընդլայնմանը:
 
Նշենք նաև, որ Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին նշանավորվել է տաղավարի հանդիսավոր բացման արարողությամբ, որին կմասնակցեն Ֆրանսիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:

  • Կիսվել: