հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանն ԱՀԿ-ի արագ արձագանքման բժշկական թիմին կմիանա մոտ մեկ տարվա ընթացքում

Հայաստանն ԱՀԿ-ի արագ արձագանքման բժշկական թիմին կմիանա մոտ մեկ տարվա ընթացքում

 Հայաստանը Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արագ արձագանքման բժշկական թիմին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի սկզբին,  վերջնական գրանցումը կլինի մոտ մեկ տարվա ընթացքում՝ կախված ԱՀԿ-ում ընթացող գործընթացներից:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն՝ ընդգծելով, որ Հայաստանը ոչ պաշտոնական  այդպիսի թիմեր ունեցել է դեռևս կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում:

Նա ասաց, որ ԱՀԿ-ն ամեն տարի իրականացնում է գլոբալ համաժողովներ արագ արձագանքման բժշկական թիմերի մասով, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: «Վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերից ելնելով՝ մենք տեսանք, որ առողջապահական համակարգը ամբողջովին պատրաստ է դիմակայել այդ բոլոր խնդիրներին, բայց երբ մենք ստեղծում ենք այդ առանձին խմբերը, համապատասխանում ենք ԱՀԿ-ի չափորոշիչներին: Այնուհետև, նրանց կողմից գնահատվելով, կարող ենք գրանցվել որպես միջազգայնորեն և սերտիֆիկացված խումբ: Խումբը, բնականաբար, հետագայում ծառայելու է ոչ միայն մեր երկրի ներսում տարբեր արհավիրքների դիմակայմանը, այլ նաև ուրիշ երկրներին արտակարգ իրավիճակներում օգնության հասնելուն: Սա համերաշխության մի նշան է, որում աշխարհի մակարդակով Հայաստանը նույնպես ուզում է ներդրում ունենալ»,- ասաց նախարարի տեղակալը:

Նա ընդգծեց, որ համավարակի ժամանակ նման մի քանի խմբեր ժամանել են  Հայաստան, օգնել և իրենց գիտելիքով ու փորձով կիսվել են հայ կոլեգաների հետ: «Եվ, տեսնելով իրենց աշխատանքը, որոշում կայացրեցինք, որ մենք էլ պետք է ունենաք նման թիմ, որը ձևավորվել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի հենքի վրա»,- ասաց Նանուշյանը:

  • Կիսվել: