շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանից մեքենաների արտահանման ընթացակարգը կպարզեցվի. կգործեն էլեկտրոնային անձնագրեր

Հայաստանից մեքենաների արտահանման ընթացակարգը կպարզեցվի. կգործեն էլեկտրոնային անձնագրեր

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի էլեկտրոնային անձնագրերի միասնական հարթակը, որի շնորհիվ Հայաստանից մեքենաների արտահանումը կլինի պարզեցված ընթացակարգով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ներգրավված է ԵԱՏՄ տարածքում թվայնացման 71 գործընթացի մեջ, որոնցից 51–ին արդեն ընթացք է տրվել։ Օրինակ` ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերն արդեն միասնական կլինեն բոլոր հինգ երկրների համար։
ԵԱՏՄ–ում էլեկտրոնային անձնագրերի համակարգի համար որպես ազգային օպերատոր ՀՀ կառավարության կողմից ընտրվել է ԷԿԵՆԳ (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) ընկերությունը։
 
Արմեն Եգանյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման համար կա ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ստորագրված համաձայնագիր, որը ՀՀ–ն վավերացրել է 2021 թ.։ Այն ուժի մեջ է մտել 2022 թ. հունվարի 1–ից։
Էլեկտրոնային անձնագրերի միասնական հարթակը ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կողմից վաղուց է ներդրվել և ՌԴ–ում արդեն գործում է։ Էլեկտրոնային անձնագիրը փոխարինում է տրանսպորտային միջոցի թղթային անձնագրին, որը ՌԴ–ում դադարեցվել է դեռևս 2020 թ.: Էլեկտրոնային անձնագիրը տեղեկություններ է պարունակում տեխնիկական բնութագրերի, տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում վթարների, կիրառված սահմանափակումների, ապահովագրության, սեփականատերերի մասին:
«Էլեկտրոնային անձնագրերի միասնական այս հարթակն ավելի շատ մեքենաների առքուվաճառքի համար է։ Օրինակ` դեպի Ռուսաստան վաճառքի համար ՀՀ–ից տեղափոխվող մեքենաների էլեկտրոնային անձնագիրը, եթե հիմա դեռևս ձևակերպվում է ՌԴ սահմանին, ապա երբ ստեղծվի հարթակը, ավտոմեքենաներն էլեկտրոնային անձնագիր կունենան արդեն մեր երկրում, որի շնորհիվ շատ ավելի կպարզեցվի գործընթացը»,– ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետը։
 
Եգանյանի խոսքով` համաձայնագրի վավերացումից հետո այս ընթացքում պետք է ընդունվեն ներքին իրավական ակտեր, ըստ որոնց բացի ազգային օպերատոր ընտրելուց, պետք է որոշել այն կազմակերպություններին, ընկերություններին, որոնք իրավասու են լինելու ձևակերպել էլեկտրոնային անձնագրերը։ Բացի այդ, պետք է ձևավորել այս կազմակերպությունների ռեեստրը։ Ի դեպ, այս ռեեստրի ձևավորման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մինչև սեպտեմբերի 24–ը ժամանակ ունի։
«Ի դեպ, էլեկտրոնային անձնագրեր լրացնող կազմակերպությունները կլինեն մասնավոր ընկերություններ։ Անձնագրեր կլրացնեն նաև ավտոարտադրողների դիստրիբյուտորները (ապրանքների տեղափոխման համար պատասխանատուն կամ գործարանների և ապրանքներ վաճառող ընկերությունների միջև միջնորդը), ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ավտոարտադրողները»,– տեղեկացրեց Եգանյանը։
 
ՀՀ կառավարության ընդունած ժամկետներով նախատեսվում է էլեկտրոնային անձնագրերի այս հարթակն ամբողջովին ավարտին հասցնել ու գործարկել արդեն այս` 2023 թ. տարեվերջին։ Մինչ այդ, Եգանյանի խոսքով, դեռ աշխատանքներ կան անելու ավտոմեքենաների մասին տեղեկատվության հավաքագրման, արդեն իսկ լրացված էլեկտրոնային անձնագրերն ազգային օպերատորին փոխանցելու կարգի մեջ, նաև ճշտել` ինչպես պետք է օպերատորն աշխատի ԵԱՏՄ ադմինիստրատորի հետ և, ի վերջո, ով ինչ պատասխանատվություն և իրավունքներ է ունենալու այդ գործընթացում։
 
«Եթե ամբողջովին գործարկվի հարթակը, ապա մենք կլինենք ԵԱՏՄ 2–րդ երկիրը` ՌԴ–ից հետո, որ կունենանք էլեկտրոնային անձնագրերի համակարգ։ Նախատեսում ենք, որ այս հարթակը լինի դինամիկ մի համակարգ։ Նպատակն այն է, որ ԵԱՏՄ ներքին ընդհանուր շուկայում ապրանքների և ծառայությունների տեղաշարժը մաքսիմում լինի մատչելի, պարզեցված, հեշտացված»,– վստահեցրեց Եգանյանը։
 
Աշխարհը գնում է թվայնացման ու ընթացակարգերի պարզեցման, և, նրա համոզմամբ, ԵԱՏՄ–ն բացառություն չպետք է լինի, քանի որ զարգացման հեռանկարը միայն դա է։
 
Հավելենք, որ ՀՀ կառավարության հիմնադրած ԷԿԵՆԳ-ը միակ լիազորված ընկերությունն է Հայաստանում, որը ֆիզիկական անձանց տրամադրում է էլեկտրոնային թվային ստորագրություններ նույնականացման քարտերում, ինչպես նաև զբաղվում նույնականացման քարտերի համակարգի սպասարկմամբ, համակարգում է էլեկտրոնային առողջապահության, պաշտոնական էլեկտրոնային փոստի և այլ նախագծերի ներդրումը:

  • Կիսվել: