ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան. Բնապահպանության նախարարություն

Հայաստանի տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան. Բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը»,- ընդգծված է ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարության մեջ:

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու Ադրբեջանի շրջակա միջավայրին:

Մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը ևս հակադարձել էր Ադրբեջանի հայտարարությանն՝ ընդգծելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունը դիմել է ներպետական իրավասու մարմնի և ստացել շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին:

  • Կիսվել: