ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայաստանի հանդեպ օտարերկրացիաների հետաքրքրության աճը շատ ակնհայտ է. Ղազարյանը՝ միգրանտների մասին

Հայաստանի հանդեպ օտարերկրացիաների հետաքրքրության աճը շատ ակնհայտ է. Ղազարյանը՝ միգրանտների մասին

Հայաստանում օտարերկրացիների քանակն առնվազն վերջին տասնամյակում ավելացել է, նրանք նաև աշխատանքային, կրթական միգրանտներն են:  

Այս մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների թեմայով ասուլիսում: 

Ղազարյանը նախ նշեց, որ միգրացիոն դինամիկան Հայաստանում փոխվել է:

«Անցյալ տարվա միգրացիայի մնացորդի ցուցանիշը եղել է  +5900, 2021-ի ցուցանիշը եղել է բացասական, 2020-ին եղել է +3400: Վերջին 30 տարիների ընթացքում սրանք երկու եզակի դեպքերն էի, երբ Հայաստանում արձանագրվել է միգրացիայի մնացորդի դրական ցուցանիշ»,-ասաց Ղազարյանը:

Ըստ նրա՝ այս տարիները կրել են նաև կորոնավիրուսի և պատերազմի ծանր հետևանքները, դրա համար մշտական բնակչության պատկերի փոփոխությունն այդքան ակնհայտ չէ:

Անդրադառնալով սահմանահատումներին՝ Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջին 5  տարիների ընթացքում, բացառությամբ 2021 թվականի, որը կրել է հետկորոնավիրուսային և հետպատերազմական ազդեցությունը, սահմանահատումների որոշակի դրական դինամիկա ևս արձանագրվել է:

«2022-ին ընդհանուր սահմանահատումների ցուցանիշը եղել է +38 հազար (հեղ.-Հայաստան մուտքերի թիվը շուրջ 38 հազարով ավելի է ելքերի թվից) Հայաստանի քաղաքացիների մասով՝ -27 հազար (հեղ.-ՀՀ քաղաքացիների ելքերի թիվը շուրջ 27 հազարով ավելի շատ է, քան մուտքերի թիվը): Բայց դա էլ պետք է համեմատության մեջ դնել 2021-ի հետ, երբ -70 հազարի չափ էր, այսինքն ավելի քան 2 անգամ նվազել է Հայաստանի քաղաքացիների մասով բացասական մնացորդը»,-ասաց ծառայության պետը:

Սակայն, նրա խոսքով, միգրացիոն միտումները միայն դրանով չեն սահմանափակվում: «Իմ կարծիքով՝ մեր բազային միգրացիոն տենդենցը առնվազն վերջին տասնամյակում Հայաստանում օտարերկրացիների քանակի ավելացումն է, որն արդեն վիզուալ կերպով շատերը սկսել են արձանագրել»,-նշեց Ղազարյանը:

Խոսքը թե աշխատանքային, թե կրթական միգրանտների մասին է:

«Այսինքն՝ մենք ունենք արդեն ռեալ միգրանտական համայնք: 2022-ին Ռուսաստանից եկած ներհոսքն ուղղակի ավելի վիզուալ ու ակնհայտ դարձրեց, բայց այդ միտումը առնվազն անցյալ 10 տարվա ընթացքում նկատվում է: Եթե նայենք օտարերկրացիների ելքերի ու մուտքերի դինամիկան, օտարերկրացիների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճը շատ ակնհայտ է»,-եզրափակեց Ղազարյանը:

  • Կիսվել: