երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանի համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր. Շրջակա միջավայրի նախարար

Հայաստանի համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր. Շրջակա միջավայրի նախարար

Հայաստանում մեկնարկեց Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Այսօր Երևանում մեկնարկել է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։

Աշխատաժողովին մասնակցում են Երաշտի հարցերով Միջկառավարական աշխատանքային խմբի անդամները, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կոնվենցիայի ազգային համակարգողները։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին փաստել եմ, որ Հայաստանի Հանրապետության համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր, իսկ երաշտի ազդեցության հետևանքների մեղմացումը և կանխարգելումը՝ երկրի կայուն զարգացման երաշխիք:

Հայաստանն անապատացման տեսանկյունից հանդիսանում է առանձնապես խոցելի երկիր՝ պայմանավորված իր աշխարհակլիմայական պայմաններով և տնտեսության անցումային փուլում գտնվելով:

Գտնվելով մերձարևադարձային գոտու չոր ցամաքային կլիմայում, մեր երկիրը դասվում է առավել չոր բնակլիմայական պայմաններ ունեցող երկրների շարքին ու մեր լեռնայնությունը, բուսազանգվածի, կեսազանգվածի նոսրությունը և բնության անհաշվենկատ օգտագործումը բերել են նրան, որ հանրապետության տարածքի շուրջ 70 տոկոսը ենթարկված է տարբեր աստիճանի անապատացման, որից 30 տոկոսը՝ խիստ անապատացման։

Իմ խոսքում անդրադարձել եմ Հայաստանի Հանրապետությունը խստորեն հավատարիմ է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացմանը։

Հիմնախնդիրը կարելի է լուծել շրջակա միջավայրի կայուն կառավարման քաղաքականության մշակման, բնօգտագործման, տնտեսական զարգացման համալիր և ներդաշնակ ճանապարհով:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ էականորեն բարելավվում է ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, քանզի անապատացման և երաշտի դեմ պայքարի գործընթացում առաջնահերթ նշանակություն ունի օրենսդրությունում բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման հարցերի համապատասխանությունը։

Մշակվում է արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։

Աշխատաժողովը կշարունակվի մինչև մարտի 19-ը»,- գրել է նա:

  • Կիսվել: