Հայաստանի արտահանման նոր ռազմավարության հիմքում ընկած է ապրանքների որակի բարձրացումը
Հայաստանի արտահանման ռազմավարության մշակման գործում շեշտադրումը կատարվել է ապրանքների որակի բարձրացման վրա։
Այս մասին Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը՝ խոսելով Հայաստանի արտահանման ռազմավարության մասին, որն արդեն մշակվել է և գտնվում է հաստատման փուլում։
Նրա խոսքով՝ այս հարցում բավականին մեծ է եղել Եվրոպական միության գործընկերների դերակատարությունը։
«Արտահանման ռազմավարության մշակման հիմքում ընկած են եղել այն ուսումնասիրությունները և այն գործող շուկաները, որտեղ մենք դիրքավորված ենք մեր ապրանքներով։ Հիմնականում շեշտադրումն արել ենք որակի վրա, որովհետև մենք հասկանում ենք, որ արտահանման մասին խոսելիս՝ ռազմավարության հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի ապրանքների որակի բարձրացումը և մի շարք երկրների ստանդարտներին համապատասխանեցումը, այլապես արտահանումը շարունակաբար խոցելի կլինի»,-նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։
Նա շեշտել է, որ արտահանման ռազմավարության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե արտահանվող ապրանքների քանակը, այլ որակը։
Փոխնախարարի խոսքով՝ այս համատեքստում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը լավարկում և բարձրացնում է որակի ենթակառուցվածքների դերը։
«Պլանում ունենք լաբարատոր կարողությունների զարգացումը, որը մեզ հնարավորություն կտա ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաներին տրամադրել համապատասխանության գնահատման փաստաթղթեր, որոնք կարող են ճանաչելի լինել նաև Եվրոպական միությունում․ սա է մեր հիմնական նպատակը»,-ասել է Նարեկ Հովակիմյանը։