ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստան վերադարձող քաղաքացիները մաքսային արտոնություններ կունենան. նախագիծն ամբողջությամբ ընդունեց

Հայաստան վերադարձող քաղաքացիները մաքսային արտոնություններ կունենան. նախագիծն ամբողջությամբ ընդունեց

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Հակոբ Սիմիդյանի ներկայացրած՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է արտերկրում ապրող այն քաղաքացիներին, որոնք ՀՀ քաղաքացի են և վերջին մեկուկես տարվա ընթացքում առնվազն մեկ տարին ՀՀ-ում չեն եղել: Օրենքի ընդունումից հետո նրանք կկարողանան վերադառնալ Հայաստան և իրենց հետ ներկրել մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական օգտագործման իրերը, բացառությամբ տրանսպորտային միջոցի:

«Բոլոր մեր հայրենակիցները, ՀՀ քաղաքացիները և ոչ միայն, եթե վերջին 5 տարվա ընթացքում 1825 օրվա ընթացքում 915-ն առնվազն բացակայել եք ՀՀ-ից, օրենքի ընդունման դեպքում  կկարողանան իրենց հետ բերել անձնական օգտագործման գույքն առանց այդ 5000 եվրո սահմանաչափի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափերով»,- ասաց պատգամավորը:

Գաբրիելյանը շեշտեց, որ կարող են նաև իրենց հետ ներկրել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, եթե այն Հայաստան վերադառնալուց առաջ առնվազն վեց ամիս պատկանել է նրանց:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջինից երկորդ ընթերցում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, բայց ոչ բովանդակային: Առաջարկ է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանից: Առաջարկել է մինչև 5000 եվրո արժողությամբ սահմանաչափն էլ ավելի բարձրացնել: Գաբրիելյանի տեղեկացմամբ, ընդունելի է, բայց այս պայմաններում անհնար է կյանքի կոչել, քանի որ գործ ունեն ԵԱՏՄ օրենսդրության հետ: Այդ հարցը  փոխանցվել է Կառավարության ներկայացուցիչներին՝ ԵԱՏՄ-ում հնչեցնելու համար:

  • Կիսվել: