շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամում 2015-2017 թվականներին խոշոր չափի խախտումներ են կատարվել, ծախսվել են միլիոնավոր գումարներ․ Լևոն Յոլյան

«Հայաստան» հիմնադրամում 2015-2017 թվականներին խոշոր չափի խախտումներ են կատարվել, ծախսվել են միլիոնավոր գումարներ․ Լևոն Յոլյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցագործություններ պարունակող երևույթներ, որոնք ուղարկվել են դատախազություն, հարուցվել են քրեական գործեր, այսօր Ազգային ժողովի Ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի hաղորդումը։

Նա տեղեկացրեց, որ խախտումները մասնավորապես, վերաբերել են անապահով ընտանիքների համար ձեռք բերված բնակարանների, կառուցված առանձնատների, կառուցված ու հիմնանորոգված մանկապարտեզների, դպրոցների համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման համար նախատեսված պայմանագրերի ապրանքների գնման գործարքներին:

«Ապրանքները ձեռք են բերել Հայ-ամերիկյան տնաշինական միավորում (ՀԱՏՄ) ՍՊԸ-ից առանց գնման գործընթացի, միջնորդավորված եղանակով, արդյունքում՝ 269 միլիոն դրամի ապրանքները գնվել են 117 միլիոն դրամով ավելի թանկ։ Օրինակ՝ 23,6 մլն դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի համար միջնորդավորված գնման արդյունքում ՀԱՏՄ ՍՊԸ-ին վճարել է 40 մլն դրամ կամ շուրջ 16,4 մլն դրամ ավելի»,- ներկայացրեց պալատի նախագահը:

Նրա խոսքով, նույն ՍՊԸ-ն, որի հիմնադիրը հենց եղել է Հայաստան համահայկական հիմնադրամը, անհամեմատ բարձր գներով կահույք է վաճառեն հենց Հիմնադրամին։ Գնումների օրենսդրության խախտմամբ են Հիմնադրամի կողմից գնումներն իրականացվել և ըստ Յոլյանի, հիմնադրամը վճարել է ավելին, քան նախատեսված է եղել պայմանագրով, մատակարարումները եղել են մասնակի, չեն պահպանվել որակի չափորոշիչները, իսկ ձեռքբերման գները էապես տարբերվել են շուկայական գներից։

Հայաստան համահայկական հիմնադրամը, հիշեցնենք, 2015-2017 թթ-ին ղեկավարել է Արա Վարդանյանը, որն այժմ մեղադրվում է յուրացումներ կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

  • Կիսվել: