շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը յոթ ամսում աճել է հիսուն տոկոսով. ՌԴ փոխվարչապետ

Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը յոթ ամսում աճել է հիսուն տոկոսով. ՌԴ փոխվարչապետ

Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը 2022 թվականի յոթ ամիսների ընթացքում աճել է գրեթե 50%-ով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ սեպտեմբերի 19-ին ելույթ ունենալով Երևանում ընթացող Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովում, պատմում է Ռիա Նովոստին:

«2022 թվականի հունվար-հուլիսին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ դոլար՝ 2021 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճելով գրեթե 50 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում Ռուսաստանի արտահանումը Հայաստան կազմել է 1,4 մլրդ դոլար՝ ավելանալով 40,5%-ով, Հայաստանից Ռուսաստան ներմուծումն աճել է 66,3%-ով՝ կազմելով 0,6 մլրդ դոլար»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն զարգացնում են ներդրումային համագործակցությունը։

«Կուտակված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի գրեթե 40%-ը, այն կազմում է մոտ 2 մլրդ դոլար»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ։ Նրանցից մի քանիսը խոշոր հարկատուներն են, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիան», «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը», «ՄՏՍ Արմենիան», «Ռուսական երկաթուղիները», «Ռոսատոմը»։

  • Կիսվել: