կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գույքագրելու համար իրականացվում է հետազոտություն

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գույքագրելու համար իրականացվում է հետազոտություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն  ունեցող  անձանց  հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Օրակարգում ներառված  են եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու մարտահրավերները, ֆիզիկական միջավայրի և թվային ծառայությունների մատչելիության, օգտատերերի կարիքների գնահատման խնդիրները։

Նախարար Նարեկ Մկրտչյանը անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջնահերթություններին և նշել, որ օրենսդրական փոփոխություններին զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսագործունեության ընթացքում բախվում են ֆիզիկական միջավայրի և տեղեկատվական մատչելիության խոչընդոտների։ Վերջինիս խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց  վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի, մատչելի և հավասար պայմանների ապահովումը հնարավոր է իրականացնել պետական մարմինների սերտ համագործակցությամբ, գործառույթների լիարժեք իրականացմամբ։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հետ կապված խնդիրները գույքագրելու և իրավունքների իրացման խոչընդոտները վերլուծելու նպատակով իրականացվում է «disability extra cost» հետազոտություն։ Այն  ենթադրում է ֆոկուս խմբեր, ուսումնասիրություններ, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն՝ ըստ հաշմանդամություն ունեցող անձի կենսափուլերի և գործունեության ոլորտների։ Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան վեր հանել օրենսդրական և գործառնական բացերը, մշակել և իրականացնել հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ ապահովելուն ուղղված առավել արդյունավետ և հասցեական միջոցառումներ, ծառայություններ, ներդնել ծառայությունների մատուցման կարիքահենք մեխանիզմներ։

Նիստի ընթացքում շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի՝ շենքերի ու շինությունների բարելավման  առանձին ծրագրերի մշակման  նպատակահարմարությունը և դրանց իրագործելիության հնարավորությունը՝ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ պետական գերատեսչությունների օժանդակությամբ։ Խոսվել է նաև թվային ծառայությունների ներառականության ու մատչելիությանը վերաբերող գործոնների մասին, որոնք նպաստելու են հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքների բավարարման մակարդակի բարձրացմանը:
Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։

  • Կիսվել: