հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հարուստն աղքատին մանր է փրթում». Մարուքյանը՝ կառավարությանը

«Հարուստն աղքատին մանր է փրթում». Մարուքյանը՝ կառավարությանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, այսօր խորհրդարանում անդրադառնալով կորոնավիրուսի սոցիալական հետևանքների վերացմանն ուղղված՝ կառավարության ծախսերին, հիշեց հայտնի ասացվածքը՝ «Հարուստն աղքատին մանր է փրթում»:

Նա մատնանշեց, թե որտեղից կառավարությունը կարող է գտնել 100 մլրդ դրամ գումար քաղաքացիներին բաժանելու համար:

Նա նախ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծին, ասաց, որ խորհրդարանի լիազորությունը զիջելը կառավարությանը սխալ է:

Մեջբերելով կառավարության այն պնդումը, թե փող չկա և եթե կա, ապա դա ուրիշ բանի համար է, Էդմոն Մարուքյանն ասաց. «Վերջին երկու տարում ՀՀ քաղաքացիների բախտը կարող է բերել է այս առումով, որ կան խնայողություններ, այդ խնայողությունների հաշվին այս պահին կա 385 միլիարդ դրամ փող, պարոն Ջանջուղազյան, որից մոտ 150 միլիարդը ազատ փող չէ, կան պարտավորություններ, բայց մնացածով կառավարությունը կարող էր աջակցել ժողովրդին և այդ միջոցները ներարկեր տնտեսության մեջ»:

Մինչդեռ, ըստ նրա, կառավարությունն ասում է՝ հարկերը թերակատարվելու են, ուստի այս պահին կօգտագործեն, իսկ հետո կդնեն տեղը։

Իսկ իրենք, ըստ Էդմոն Մարուքյանի, առաջարկում են, որ հաշվի առնելով այն, որ ժողովրդի ձեռքին գումար չկա, նրանց գազն ու լույսը անջատել են, իսկ ով էլ եղած հացի գումարով կոմունալներ է վճարել ու սոված նստել տանը, այս մարդկանց՝  500 հազար ընտանիքի, տալ 100 հազար դրամ, որը կազմում է 50 միլիարդ դրամ։

«470 հազար թոշակառուներին էլ առաջարկում ենք մեկ ամսվա հավելյալ թոշակ տրամադրել, և այս երկու ծրագիրը միասին 100 միլիարդ դրամը չի անցնի: Հիմա մեր կառավարության որոշ գործընկերներ ասում են՝ սա պոպուլիզմ է: Սա պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները կարիք չունենային, մենք ասեինք՝ տվեք, կամ այդ փողը չլիներ, մենք էլի ասեինք՝ տվեք։ Հիմա քաղաքացիները կարիքն ունեն, մարտի կեսից ով ինչ խնայողություն ուներ, եթե, իհարկե, ուներ, ծախսել է։ Հիմա ի՞նչ է սպասվում այս մարդկանց»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը հայտնեց, որ 4300 բաժանորդի էլեկտրաէներգիա է անջատվել, 700-ից ավելի էլ գազամատակարարման անջատում է եղել, իսկ հազարավոր մարդիկ վճարել են իրենց սննդի վերջին գումարը, որ լույս ունենան, երեխաները կարողանան դաս անել:

Էդմոն Մարուքյանի խոսքով, այսօր ամբողջ աշխարհը ուղղակի փող է տվել մարդկանց, և դա ամենաարդյունավետն է: «Նրանք մտածել են մեկ, բայց դյուրին ծրագիր, բոլորին տվել են գումար, որ ապրեն։ Հիմա, երբ ես նախարարին հարցնում եմ, թե ՀՆԱ-ի քանի տոկոսն եք պատրաստ տալ, ինքը այս հարցին չի պատասխանում, մեր կառավարությունն այս հարցի պատասխանը չի տալիս»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ կառավարությունը փորձել է թիրախավորել կարիքավորներին, իսկ իրենք ասում են՝ դա չի ստացվել և առաջարկում է հակառակ թիրախավորման ճանապարհով գնալ:

«Արտագնա աշխատանքի գնալով չի՞ արտաժույթը պահվել. հիմա այդ մարդիկ սոված նստած են, աշխատանք չունեն, ամեն տարվա իրենց տրանսվերը միայն Ռուսաստանի 600 միլիոն դոլար ՀՆԱ-ի վրա չի ազդե՞լ: Իսկ այս տարի չեն գնալու։ Այս մարդկանց դուք ասում էիք՝ եկեք քվեարկությանը մասնակցեք, որովհետև այդ ժամանակ ձեզ պետք էին, իսկ հիմա այդ մարդիկ սոված նստած են, իրենց գազն ու լույսը անջատում են, դուք փող ունեք դրած ու այդ փողը չեք տալիս»,- ասաց Էդմոն Մարուքյանը, ապա դիմելով ժողովրդին՝ նշեց, որ, այո, մեր երկիրը հարուստ չէ, բայց մեր բախտը բերել է և կան խնայողություններ, իսկ դրանք պահել, հետո հանել ծախսելը շատ ուշ կլինի։

Նրա խոսքով, պետք է ժամանակին այն ներարկել տնտեսության մեջ, քանի որ դա է միակ ճանապարհը այս վիճակից դուրս գալու:

«Կա փող, պետք է համախոհություն լինի, ժողովրդական պահանջ ձևավորվի, և կառավարությունը անպայման այդ փողը կհանի, կտա ձեզ, դա ձեր փողն է, սիրելի հայրենակիցներ»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: