ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերները պատրաստ են 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը. Պապիկյան

Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերները պատրաստ են 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը. Պապիկյան

ՀՀ ԱԺ նիստում այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ գործադուլի հարցը ծագել է Հարավկովկասյան երկաթուղու եւ աշխատակիցների միջեւ կոնֆլիկտի պատճառով: Նա հավաստիացրեց, որ իրենք աջակցում են խնդրի արագ լուծմանը:

Ըստ նախարարի՝ կողմերը պետք է փոխզիջման գնան: «Անցկացվում են ակտիվ քննարկումներ։ Հարցը դեռեւս լուծված չէ։ Վաղը ես նախատեսում եմ հանդիպել գործադուլավոր երկաթուղայինների հետ։ Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերները իրենց աշխատակիցների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել»,-ասաց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկ և այսօր դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունն այս առնչությամբ հայատարարություն է տարածել, որում ասվում է․

«Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալը:

Ս.թ. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: