կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի վերաբերյալ նախագիծ

Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի վերաբերյալ նախագիծ

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2024թ․ հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ առնվազն աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով հավելավճարների գործող չափը (գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին՝ 25 000 դրամ): Այս մասին հայտնում է ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն։

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում 2023 թ. մայիսի 29-ի ՀՕ-155-Ն օրենքով կատարված փոփոխությամբ ամրագրվել է դրույթ, համաձայն որի` գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար է տրամադրվում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ առնվազն աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող գիտական աշխատողներին: Օրենքի դրույթն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ առնվազն աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով այս պահին գործող` ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար տրամադրվող հավելավճարների չափը (գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին՝ 25 000 դրամ): Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշումը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը եւ կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության եւ տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին եւ գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում եւ կբարձրացնի ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչեւ 2023 թ. հոկտեմբերի 24-ը ներառյալ` կոմիտեի կայքում՝ կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/6333, կամ ուղարկել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):

  • Կիսվել: