Այս տարի կապիտալ շինարարություն կիրականացվի 111 օբյեկտում
Գործադիրի այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, մասնակցում է խորհրդարանի նիստին:
Նստի մեկնարկին փոխվարչապետն անդրադարձավ հանրապետությունում իրականացվող կապիտալ շինարարությանը։
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ մայիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ այս տարի կապիտալ շինարարության ոլորտում մի շարք ծրագրեր են իրականացվելու ։ Մասնավորապես, խոսքը 100-ից օբյեկտի նախագծման և շինարարության մասին է։
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են գտնվում այդ աշխատանքները։
Նա նախ նշեց, որ և քանակական, և ֆինանսական առումով աննախադեպ ծրագրեր են իրականացնելու։
Նրա խոսքով, այսօր 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքները ավարտված կամ ավարտման փուլում են:
«Մենք այսօր կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներ: Դրանց մի մասը ավարտմանն փուլում եմ, մի մասն ավարտվել են, մյուս մասը կավարտվեն մինչև հուլիս»,- նշեց նա։
Նրա խոսքով, ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում ևս 30-ից ավելի օբյեկտի նախագծային աշխատանք է իրականացվում: Դրանց մի մասը պատրաստ է, մի մասն ընթացքի մեջ է:
«Կարելի է ասել, որ այսօր 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքները ավարտված կամ ավարտման փուլում են; Դրանցից 90-ի մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականցնենք մենք, մնացածը կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ»,- ասաց Արմեն Ղուլարյանը։
Նշվեց նաև, որ 12 առողջապահական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտեն նույն ժամանակահատվածում։
Արմեն Ղուլարյանը հայտնեց նաև, որ շինաշխատանքների մեկնարկի համար արդեն սկսել են քննարկումներ շինարարական կազմակերպությունների հետ:
ԿԳՄՍ նխարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ դրանց մի մասը մոդուլային դպրոցներ են, ուսումնարաններ ու քոլեջներ, մշակութային կենտրոններ: