Հանքարդյունավետության ոլորտի օրենսդրությունը հիմնավորապես փոխվում է. Ռոմանոս Պետրոսյան
Հանքարդյունավետության ոլորտի օրենսդրությունն հիմնավորապես փոխվում է, ուժեղացնում ենք վերահսկողությունը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Գիտեք, որ Բնապահպանության ընդերքի տեսչական մարմինն է մեր ոլորտի վերահսկողական կառույցը և իրենց աշխատանքի արդյունավետությունից է մեծ մասամբ կախված մեր աշխատանքի արդյունավետությունը: Շատ դեպքերում կազուսային իրավիճակում ենք հայտնվում, երբ ոլորտի քաղաքականություն մշակող լիազոր մարմինը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացներ է մեկնարկում, բայց դրանց վերահսկողությունը նաև արդյունավետությունն ապահովելու առումով օրենսդրական բացերի հետևանքով կազուսների ենք հանդիպում: Այս պահին դրա վրա ենք աշխատում և շատ կարևոր մի դիտարկում անեմ. ընդերքօգտագործողների դրամագլուխը 2005թ-ից է գործում, իսկ 2019-ից այդ ինստիտուտի կառավարումը վերապահված է մեր նախարարությանը: Կառավարությունը վերջին նիստերից մեկում նոր որոշում ընդունեց, որը հստակեցրեց դրամագլխի վճարումների, հետագայում այդ միջոցների կիրարկումը ապահովող միջոցառումները և կարգը:
Խնդիրը նրանում է, որ դրամագլխում այս պահին 3 մլրդ դրամ գումար կա գոյացած, բայց շահառուների և նրանց իրականացրած հանքարդյունահանման գործընթացների,դրա հետևանքով առաջ եկած մի շարք իրավական պրոցեսների, այդ թվում՝ քրեաիրավական, դատական պրոցեսների, ԴԱՀԿ-ի տիրույթում գործընթացների արդյունքում՝ այսօր կարողանում ենք 2-3 տասնյակ սուբյեկտների վճարումներրը միայն նպատակային օգտագործել: Մնացած մասով այդ գումարները պարզապես կախված են պետբյուջեում և չենք կարողանում իրացնել դրանք։Իսկ դրամագլխի իրացման գերնպատակը մեկն է՝ լքված պոչամբարների, լցակույտերի , կիսաշահագործված կամ ամբողջապես շահագործված հանքավայրերի խորշերի վերջնական ռեկուլտիվացիան և բնության նախկին տեսքին մոտ վիճակի ապահովումն է, քանի որ այն ուղղակի ազդում է տվյալ տարածաշրջանի ,մեր բնակչության առողջության վրա։Ինչպես նաև բնության նման վատթար վիճակը իր հետ բերում է ածանցյալ բնապահպանական այլ ռիսկեր»:
Նախարարն ընդգծեց, որ դրամագլխի օրենսդրության փոփոխությամբ կարողանալու են այդ ահռելի բյուջեն ուղղել շահագործումը ավարտված 5 տասնյակ պոչամբարներում իրավիճակի շտկմանն ու ռեկուլտիվացիոն աշխատանքների մեկնարկին:



