ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը

Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հիշեցրել է, որ կարգավորման նպատակը «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով նախատեսված՝ ազգային օպերատորի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության սահմանումն է: Ոչ պատշաճ աշխատանքը, եթե չի հանգեցնում մաքսային վճարների եւ ոչ սակագնային կարգավորման խախտումների, ապա առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով: Մաքսային վճարների եւ ոչ սակագնային կարգավորման խախտումներ առաջանալու պարագայում տուգանքը կազմում է հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան հարյուր հազար դրամը: Հաջորդ նորմով մեկ ամսվա ընթացքում խախտումը երկու անգամից ավելի կրկնվելու դեպքում օպերատորը կզրկվի իր կարգավիճակից: Առաջարկվում է օրենքում լրացնել նոր կետ, որով ժամանակավոր պահպանման պահեստների բաց տարածքների եւ հրապարակների մակերեսները պետք է ունենան պինդ ծածկույթ (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի): Աշոտ Մուրադյանը ներկայացրել է նաեւ տեխնիկական բնույթի այլ առաջարկները:

Պատգամավորները կողմ են քվեարկել օրենսդրական առաջարկի ընդունմանը:

  • Կիսվել: