ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցին

2022 թվականի պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր. նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում, որի օրակարգում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցն էր: Նախարարը հանգամանալի ներկայացրել է բոլոր ոլորտների կատարողականի թվային տվյալները, կատարված աշխատանքներն ու բյուջետային ծրագրերը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Ըստ այդմ՝ 2022 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 12.6 տոկոս իրական աճ, որը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով՝ շուրջ 28 տոկոս: Արդյունաբերությունն աճել է 7.9 տոկոսով, շինարարության նպաստումը տնտեսական աճին՝ 1.2 տոկոսային կետ է կազմել:

Հաշվետու տարում ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 54.4 տոկոսով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի աճով՝ ՏՏ ոլորտ, զբոսաշրջիկներին մատուցված ծառայություններ:

2022 թվականին 12-ամսյա գնաճը զգալիորեն արագացել է հունիսին՝ հասնելով մինչև 10.3 տոկոսի: Սակայն, ըստ ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի վարած նպատակային դրամավարկային քաղաքականության արդյունքում դեկտեմբերին նվազել է՝ կազմելով 8.3 տոկոս:

2022 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 2.063.1մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրի 100.2 կատարողական:

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են շուրջ 1.926.0 մլրդ դրամ, որը 104.4 տոկոսով ապահովել է ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը: 2021 թվականի համեմատ հարկային եկամուտների պետական տուրքերն աճել են 21.4 տոկոսով կամ 339.1 դրամով, ինչը հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով մուտքերի աճով:

2022 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 2.242.6 մլրդ դրամ, իսկ տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 98 տոկոսով: Ծրագրից շեղման ընդհանուր գումարի 56.8 տոկոսը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 43.2 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին:

Նշվել է, որ աննախադեպ է կապիտալ ծախսերի կատարողականը՝ 95 տոկոս:

Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2022 թվականին կազմել է 2.1 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի և 2021 թվականի 4.6 տոկոսի դիմաց: Հաշվետու տարում փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե նախորդ տարի զգալի չափով՝ 68.4 տոկոս, ֆինանսավորվել էր արտաքին աղբյուրներից՝ պայմանավորված արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմամբ, ապա 2022 թվականին պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին:

Արտաքին վարկերի մարմանը հաշվետու տարում ուղղվել է շուրջ 99.6 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրի 98.2 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 44.186.7 մլրդ դրամ կամ 10.637.7 դոլար: ՀՀ պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 49.3 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 14.2 տոկոսային կետով: Իսկ Կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 46.7 տոկոսը՝ 2021 թվականի համեմատ նվազելով 13.6 տոկոսով:

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ՝ 2022 թվականին գրեթե բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր:

Ըստ նախարարի՝ 2022 թվականին մեծ պահանջարկ է գրանցվել պետական արժեթղթերի նկատմամբ: Արտաքին ներդրողներն իրենց նպաստն են բերել Պետական պարտատոմսերի շուկայի զարգացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են գիտության և կրթության ֆինանսավորմանը, այլ ոլորտների արդյունքային ցուցանիշներին:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նախ շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր գործընկերներին բյուջետային քննարկումներին նպատակային մասնակցության համար և ընդգծել բովանդակային քննարկման կարևորությունը: Անդրադառնալով 2022 թվականի պետական բյուջեի կատարողականին՝ նա կարևորել է նախատեսված ծրագրերի իրականացումը և նույնպես շեշտադրել կապիտալ ծախսերի կատարողականի աննխադեպ լինելը:

Գևորգ Պապոյանը փաստել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությանը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել քննարկված փաստաթղթին:

Հանձնաժողովի որոշմամբ հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:

  • Կիսվել: