ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանձնաժողովը չի կարող չընդունել «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը, և գազի սակագինը կբարձրանա․ Փորձագետ

Հանձնաժողովը չի կարող չընդունել «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը, և գազի սակագինը կբարձրանա․ Փորձագետ

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը չի կարող չընդունվել, քանի որ չընդունվելու դեպքում Հայաստանը կհայտնվի բացարձակ ճգնաժամի մեջ, InfoPort.am-ի հետ զրույցում նմանկարծիք հայտնեց  էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ մեկնաբանելով Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտ՝ը գազի սակագների փոփոխության մասին։

Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերջին տարիների ընթացքում բազմիցս է հայտարարել, որ իր վիճակի չէ աշխատել հին կանոններով, հետևաբար գազի սակագնի փոփոխությունը հույժ անհրաժեշտ է։ Հետևաբար, ըստ փորձագետի, տնտեսվարողների համար գազի սակագնի բարձրացումը անխուսափելի է լինելու, ինչի հետևանքով երկրում մեծ գնաճ կլինի։

Նկատենք, որ ըստ ներկայացված հայտի, «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիրների համար առաջարկում է գինը նվազեցնել մոտ 4 դրամով, իսկ Տնտեսվարողների համար գործող սակագները առաջարկում են բարձրացնել։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով հայ-ռուսական գազային համաձայնագրերի մի շարք դրույթներ, պարզապես չի կարող որևէ լուրջ հակափաստարկ ներկայացնել, թե ինչու «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող գնալ սակագնի բարձրացման։ Ըստ այդմ՝ Հայաստանի ներսում գազի գնի բարձրացումն այլընտրանք չունի, ստեղծված իրավիճակում անխուսափելի է», -ընդգծեց Դավթյանը։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում խնդիրը պետք է փորձել գտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային բանակցություններում հարաբերությունների բարելավման տիրույթում։

«Թեպետ հայկական կողմը բազմիցս հայտարարում է, թե հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ են, կա շատ բարձր դինամիկա, սակայն իրականում շատ ավելի խորքային մակարդակում մենք տեսնում ավելի լուրջ խնդիրներ։ Վստահեցնում եմ, որ գազի գինը այսբերգի երևացող հատվածն է», -նշեց Վահե Դավթյանը։

Իրավիճակից դուրս գալու համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ակտիվացնել երկխոսությունը կառավարությունների միջև ու փորձել վերսկսել 2018-ին Պուտին-Փաշինյան սառեցված երկխոսությունը։ «Քաղաքական օրակարգի հստակեցման պարագայում մենք կտեսնենք գազի ու շատ այլ հարցերում որոշակի շտկումներ, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ Մի բան հասկանանք՝ այն 1,8-2 մլրդ խմ գազը, որ Ռուսաստանը արտահանում է Հայաստան, մեկ կաթիլ է ռուսական գազի հսկայական ծովում և ասել, որ երկրի ներսում սակագնային քաղաքականությունը իրականում նպատակ է հետապնդում ռուսական կողմին ինչ-որ լուրջ դիվիդենտներ բերելու, կարծում եմ՝ առնվազն միամտություն է։ Այս ամենն ունի քաղաքական ինդիկատոր, հույժ ահրաժեշտ է զարգացնել քաղաքական երկխոսությունը»,-ընդգծեց Վահե Դավթյանը։

Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղարկված նամակին, որով պաշտոնյան առաջարկել էր ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում նոր քննարկումներ ծավալել ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի շուրջ, Դավթյանն ասաց, որ այդ նամակը ձևական բնույթ է կրում։ Նրա ներկայացմամբ, Մհեր Գրիգորյանը փորձեց համաշխարհային տրենդից հետ չմնալ և նման քայլի դիմեց։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները զբաղվել են քաղաքացու իրական շահի ու տնտեսության անվտանգության խնդիրների հետ կապ չունեցող օրակարգերով», -նկատեց Վահե Դավթյանը

  • Կիսվել: