շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
«Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի շրջանակում ՀՀ-ին 102 մլն եվրոյի վարկ կտրամադրվի. նախագիծ

«Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի շրջանակում ՀՀ-ին 102 մլն եվրոյի վարկ կտրամադրվի. նախագիծ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ներկայացնելով ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Ըստ նախարարի տեղակալի՝ ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունը, նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:

«Սա առաջին վարկային ծրագիրն է Համաշխարհային բանկի հետ, որտեղ մենք արդյունքների վրա հիմնված համաձայնագիր ունենք, այսինքն՝ մի քանի տարիների համար գծագրվել են, նախանշվել են այն արդյունքները, որոնց Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, պետք է հասնի ռեֆորմների միջոցով, և միայն այդ դեպքում վարկային միջոցներից առհանումներ կարվեն պետական բյուջե, որը կհամալրի առողջապահության բյուջեն»,- ասաց նա:

Վարկը լողացող տարեկան տոկոսադրույք ունի: Մայր գումարի մարումն իրականացվելու է 2039 թվականի հուլիսի 15-ից մինչև 2049 թվականի հունվարի 15-ը:

  • Կիսվել: