շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Համոզված եղեք, որ ձեր հարկերը «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքբերում են. ՊԵԿ նախագահի ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ

Համոզված եղեք, որ ձեր հարկերը «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքբերում են. ՊԵԿ նախագահի ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ուղերձ է հղել՝ շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ։

«Սիրելի՛ հարկ վճարողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։

Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։

Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը համոզված եմ, յուրաքանչյուրդ զգում եք ձեր հոգու խորքում։

21-րդ դարը լի է տուրբուլենտությամբ ու անորոշություններով, բայց նաև Հայաստանի համար մեծ հնարավորություններով, որտեղ հանրային ծառայության և հանրային ինստիտուտների առաջնորդող դերն ավելի է ընդգծվում։ Այդ դերի լիարժեք իրացման հարցում ձեր կողմից հարկերի բարեխիղճ վճարումն անկյունաքարային նշանակություն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր կառուցել դիմակայուն անվտանգային համակարգեր, դինամիկ զարգացող տնտեսություն, աշխարհի հետ անխափան կապ ապահովող տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ունենալ առողջ ու կիրթ հասարակություն և դրան սպասարկող ենթակառուցվածքներ, շարժվել 21-րդ դարի թվայնացման հեղափոխական տեմպերի առջևից։

Պետական եկամուտների կոմիտեն՝ մենք, խորը գիտակցելով ստեղծված իրավիճակը, ստանձնել ենք հանրային ծառայության մեր մասի առաջնորդության պատասխանատվությունը։

Աշխատանքային օրը սկսելով «Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում» կարգախոսի ներքո՝ մենք հետևողականորեն բարեփոխում ենք վարչարարական գործիքները, պարզեցնում, արագացնում և թվայնացնում ձեզ մատուցվող ծառայությունները, ներդնում վերլուծական նոր գործիքներ, շարունակաբար կրթվում, որպեսզի, հնարավորինս քիչ ժամանակ ծախսելով, կատարեք հարկերի բարեխիղճ վճարման ձեր առաքելությունը։

Մեր գլխավոր նպատակը մարդակենտրոն, խելացի, արդար և հզոր հարկային և մաքսային համակարգերի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող կզգա պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։ Հետևողականորեն արմատախիլ ենք անում համակարգի բարի համբավն արատավորող ցանկացած դրսևորում, կոշտ արձագանքում անօրինական և անբարեխիղճ ցանկացած դրսևորման:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ հարկերի վճարման համար և լիահույս եմ, որ բարեխղճության դրսևորումը կվարակի բոլորիդ և 22-րդ դարին ընդառաջ մենք միասին կկերտենք 21-րդ դարին հարիր մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն։

Մենք ձեզնից մեկն ենք, հոգատար ենք ձեր հանդեպ և ակնկալում ենք հոգատարություն մեր և ապագա սերունդների հանդեպ։

Համոզված եղեք, որ ձեր հարկերը կամ ներդրումները «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքբերում են։

Կրկին սրտանց շնորհավորում եմ»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: