ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համայնքները հանքարդյունաբերությունից որոշակի տոկոս գումարներ կստանան. փոխնախարար

Համայնքները հանքարդյունաբերությունից որոշակի տոկոս գումարներ կստանան. փոխնախարար

Մի քանի փոփոխություններ ենք անում Ընդերքի մասին օրենսգրքում․ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման ժամանակ պարզաբանում ենք, թե ինչպիսի քայլեր պետք է իրականացվի, որովհետև շատ խնդրահարույց հարցեր կան, դատական պրոցեսներ կան և օրենսգիրքն անընդհատ կատարելագործման կարիք ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը․

Հիշեցնենք, որ «Ընդերքի մասին» օրենսգիրքը լրացվել է նոր հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով․ այդպիսիք են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

«Կարևոր եզրույթը, որին ուշադրություն է դարձվում՝ անհաղթահարելի ուժի սահմանումն է օրենսգրքում և անհաղթահարելի ուժից հետո թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն ընդերքօգտագործողները, որպեսզի կարողանան օգտվել այդ օրենքի դրույթից»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է սահմանապահների հետ կապված խնդրին, փոխնախարարի խոսքով սահմանային հատվածներում, օրինակ՝ Արաքս գետին հարակից տարածքից ունենք հանքարդյունաբերողներ՝ ավազի արտահանում և այդ գործընթացներին իրավական ավելի լավ կարգավորումներ տալու համար էլ են փոփոխություններ եղել:

«Մեր գործընկերները հարցեր հնչեցրեցին, թե արդյոք քննարկել ենք սահմանապահների հետ։ Այո՛ քննարկել ենք և իրենք ոչ մի դիտողություն չեն ունեցել այդ նախաձեռնության հետ կապված»,- ասաց փոխնախարարը:

Փոփոխությունները բիզնեսի համար ավելի լավ ներդրումային միջավայր ստեղծելու և ՀՀ-ում ավելի կանխատեսելի իրավիճակ ստեղծելու համար են.

«Երբ որ ներդրողները գալիս են և  ունեն ինչ-որ բիզնես պլան, իրենց համար պետք է ավելի կանխատեսելի լինեն իրենց և պետության հարաբերությունները: Օրինակ, եթե ծագեն ֆորսմաժորային իրավիճակներ, իրենք պետք է իմանան, որ պետությունն ա այդ ժամանակահատվածով պատրաստ է նույն ժամանակով փոխհատուցել իրենց և երկարացնել իրենց պայմանագրերը»,- ասաց Հարությունյանը:

Համայնքներին որևէ գումար փոխանցվելու է դրա արդյունքում, հարցին ի պատասխան փոխնախարարը նշեց, որ ընդհանրապես այդ ներդրումներն ուղղված են ընդերքն օգտագործելու ժամանակ աշխատատեղեր ստեղծելուն և ինչու չէ, նաև համայնքներին տարբեր սոցիալական ծրագրերով փոխհատուցելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է սահմանված տոկոսին, Հարությունյանը հիշեցրեց, որ  ԱԺ-ում ներկայացրել են մի փոփոխություն, որով  գանձվող ռեալթներից 2 տոկոսը գնում է ուղիղ համայնքներին «և դա ամենակարևոր փոփոխությունն է»: Խոսելով ներդրումների պարագայում համայնքներին փոխանցվող գումարից, փոխնախարարն ասաց, որ դրանք իրար հետ կապ ունեն այնքանով, որ մեկը մյուսի բաղկացուցիչ մասն է.

«Օրինակ, եթե կա մետաղական հանքավայր, և ինքը պետք է աշխատի, ուրեմն անպայման ազդակիր համայնքները հետագայում ստանալու են ռեալթներից իրենց տոկոսը»,-նշեց Հարությունյանը:

  • Կիսվել: