Համաձայնագրի վավերացումը կնպաստի Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությանը. Ռուբեն Սարգսյան
Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում Yerevan Dialogue միջոցառման շրջանակներում՝ երկու երկրների ոլորտային նախարարների կողմից:
Համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.1 կետից. մասնավորապես՝ «Կառավարությունը նպաստելու է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ներառյալ հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովմանը»:
Համաձայնագրի վավերացումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունից, ըստ որի՝ նախատեսված է զարգացնել միգրացիոն համակարգը:
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Կատարի Պետության տարածքում աշխատող կամ աշխատելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Համաձայնագրով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ դեպի Կատարի Պետության մուտքի և այնտեղ աշխատանքային գործունեության իրականացումը՝ համաձայն երկու պետություններում գործող օրենքների, կանոնակարգերի և ընթացակարգերի:
Հաշվի առնելով վերոգրյալը և Կատարի Պետության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը և հարաբերությունների շրջանակը՝ 2024թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է: