չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել ՇՄ ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել ՇՄ ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Ողջունելով պարոն Մարագոսին, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանիպման մեկնարկին նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերից և ներկայացրել դրանց ընթացքը։

Նախարար Սիմիդյանը բարձր է գնահատել շրջակա միջավայրի ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը և դրական գնահատել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին փաստել է համագործակցության արդյունքում գրանցած դրական արդյունքները և նշել, որ շրջակա միջավայրի ոլորտի արդյունավետ կառավարումը չափազանց կարևորվում է թե՛ անձամբ իր, և թե՛ Եվրոպական միության կողմից։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ, CEPA)։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը։

Սկսած 2019թ․ հունիսից շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ճանապարհային քարտեզի Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։

 

Նախարարը նշել է, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ, և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

Քննարկվել են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող և ներկայումս ընթացող ազգային և տարածաշրջանային մի շարք բնապահպանական ծրագրեր։

Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության պահպանության, անտառկառավարման, մթնոլորտային օդի պահպանության և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտի խնդիրներին։

Շրջակա միջավայրի պահպանությանը և որոշումների կայացմանը քաղքացիական հասարակության մասնակցայնության և պատշաճ ներգրավվածության համատեքստում նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարությունում ներկայումս ընթացող Օրհուս գրասենյակների վերագործակման աշխատանքները։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է արդեն իսկ ավարտված «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրից, որի ընթացքում գրանցած ձեռքբերումների հիման վրա այսօր բարելավվում է ոլորտի օրենսդրական դաշտը։ Ինչպես նաև անդրադարձել է «EU4Sevan» (Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն) ծրագրին և հույս հայտնել վերջինիս շարունակականության։

Հանդիպան ավարտին կողմերը փաստել են, որ ստեղծված են բոլոր նախադրյալները առկա համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել իրականացվող ծրագրերի նոր օրակարգ։

 
 

  • Կիսվել: