չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գյումրու մի շարք քաղաքացիների ամիսներ շարունակ խաբում են՝ չտրամադրելով խոստացված բնակարանները

Գյումրու մի շարք քաղաքացիների ամիսներ շարունակ խաբում են՝ չտրամադրելով խոստացված բնակարանները

Գյումրիի մի շարք քաղաքացիներ նամակ-բողոքով դիմել են InfoPort.am-ի խմբագրություն՝ ահազանգելով այն մասին, որ իրենց խոստացված բնակարանները անհասկանալի պատճառներով իրենց չեն տալիս։

Նամակում մասնավորապես ասված է․ «2022 թվականին տարբեր ամիսներին Գյումրիում Համահայկական հիմնադրամը կատարել է «բնակարանաբաշխում»՝ ավելի կոնկրետ դա եղել է մեծաքանակ լրագրողների և հիմնադրամի ներկայացուցիչների կողմից այց-շոու Գյումրու անոթևաններին, որոնց տրվել է բանալիներ և նկարահանումից հետո այդ բանալիները հետ է վերցվել՝ խոստումով վերադարձնել մի քանի օրից։

Ի սկզբանե բնակարանամուտը նախատեսված էր օգոստոսի 15-ին, որը հետաձգվեց պատերազմի պատճառով, երկրորդ ժամկետը որոշվել էր սեպտեմբերի 24-ին, սա ևս հետաձգվեց, ապա բնակարանամուտը նախանշվեց հոկտեմբերի 15-ին, ապա նորից հետաձգվեց։ Շահառուները հոկտեմբերի 31-ին ևս մեկ անգամ կանչվեցին՝ այս անգամ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կողմից վերջնաժամկետ նշվեց նոյեմբերի 15-ը՝ պատճառաբանելով կադաստրային հարցերը։ Սակայն նոյեմբերի 15-ի բնակարանամուտը ևս հետաձգվեց անհայտ ժամկետով, որից հետո շահառուները դիմեցին Կադաստրի կոմիտե․ այնտեղ պատասխանեցին, որ կառույցը այս ծրագրին վերաբերող դիմում չի ստացել։

Գյումրու քաղաքապետարանում նշանակել են նոր վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 7-ը, մինչդեռ Համահայկական հիմնադրամը շեշտում է, որ հնարավոր է այս տարի ընդհանրապես բնակարանամուտ տեղի չունենա»։

Միևնույն ժամանակ նամակի հեղինակները նշում են, որ դեռ նոյեմբերի 24-ին Համահայկական հիմնադրամի կողմից պատրաստվել և USA Armenia և Հ1 հեռուստաընկերություններով ցուցադրվել է տեսանյութ, ըստ որի շահառուները իբր արդեն նշել են բնակարանամուտը, մինչդեռ իրականում առայսօր շենքերը դատարկ է։

  • Կիսվել: