շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրիում ստորագրվել է «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագրի վերաբերյալ համագործակցության հուշագիր

Գյումրիում ստորագրվել է «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագրի վերաբերյալ համագործակցության հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) միջև հունվարի 12-ին Գյումրիում կնքվել է համագործակցության հուշագիր։

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ հուշագրի նպատակն է Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացնել «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների հաբի և ավանդական ոլորտներում կիրառելի տեխնոլոգիական հստակ պրոդուկտների ստեղծում, կանաչ և էկոլոգիապես մաքուր էկոհամակարգի ձևավորում՝ արևային վահանակների տեղադրում, ԳՏՏԿ ինժեներների կողմից ստեղծած հոսանքի և այլ ծառայությունների խելացի կառավարման համակարգի տեղադրում, տեխնոլոգիական և էկոզբոսաշրջությանը խթանող Chill with Tech կացարանների թվի մեծացում։
 
Հուշագիրը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
 
Հուշագրի շրջանակներում կողմերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ և աջակցությամբ կնպաստեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում ծրագրի իրականացմանը, որը հետագայում նախատեսվում է կիրառել Հայաստանի այլ գյուղերում։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ծրագիրը կիրականացնի Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհի աջակցությամբ։
 
Ախուրյան համայնքը ունի ավելի քան 45.000 բնակիչ, 35 հանրակրթական դպրոց։
 
Հաբի հիմնումը նոր հնարավորություններ կստեղծի որակյալ մասնագիտացման և հետագայում նաև զբաղվածության համար:
 
Ծրագրով առաջարկվող հաբը բաղկացած կլինի կրթական և արտադրական բաղադրիչներից, հագեցած կլինի համակարգիչներով և ինժեներական սարքավորումներով:

  • Կիսվել: