ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գույքի հարկման համակարգի փոփոխության դեպքում քաղաքացիների մեծամասնության համար հարկային բեռը «անտանելի չի լինի». Ալավերդյան

Գույքի հարկման համակարգի փոփոխության դեպքում քաղաքացիների մեծամասնության համար հարկային բեռը «անտանելի չի լինի». Ալավերդյան

Գույքի հարկման համակարգի փոփոխության դեպքում քաղաքացիների մեծամասնության համար հարկային բեռը «անտանելի չի լինի»: Այս մասին ասել է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Նա նշել է, որ  կառավարությունը նպատակ չի հետապնդել քաղաքացիների համար հարկերի ավելորդ բեռ ստեղծել. «Մենք հաշվի ենք առել բնակչության եկամուտները եւ փորձել ենք ընտրել հարկի այնպիսի չափ, որ հարկային բեռը քաղաքացիների ուժերից վեր չլինի: Այս հարկի համար պարտավորությունները բարձր չեն»:

Ալավերդյանի խոսքով՝ նոր գույքահարկը միանգամից չի ներդրվի, այլ աստիճանաբար՝ 6 տարվա ընթացքումի: Այսպես, 2021-ին քաղաքացիները կվճարեն նոր գույքահարկի 25%-ը, 2022-ին`30%-ը, 2023-ին` 35%-ը, 2024-ին` 50%-ը, 2025-ին` 75%-ը, 2026-ին` 100%-ը: Նա նշել է, որ եթե կառավարությունը չներկայացներ Հարկային օրենսգրքում 2021թ․փոփոխությունները, գույքահարկը շատ ավելի բարձր կլիներ, քան նախատեսված է այս բարեփոխմամբ, քանի որ ուժի մեջ կմտներ կադաստրային արժեքի հաշվարկման նոր համակարգը, եւ հարկերի դրույքաչափերը կմնային նույնը: Ալավերդյանն ասել է. «Արդյունքում 20 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը կհամարվեր «թանկարժեք» եւ համապատասխանաբար կհարկվեր»:

Նա նշել է նաեւ, որ գույքահարկի բարեփոխումները նախատեսված էին ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ 2018-ի Հարկային օրենսգրքով:

Ալավերդյանը, մասնավորապես, ասել է. «Հարկային հաշվարկի գաղափարը, հաշվի առնելով շուկայական արժեքը, Հարկային օրենսգրքում ամրագրվել է 2018թ., սակայն բարեփոխումը կապված է եղել հիմնական արժեքի հաշվարկման մասին օրենքի հետ, որը պետք է հասցվեր տրամաբանական ավարտին: Դրա պատճառով մենք երկու տարում երկու անգամ հետաձգել ենք ընթացիկ գույքահարկի գործողության ավարտի ժամկետը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է այս բարեփոխումը հունիսին ներկայացվել խորհրդարան, Ալավերդյանը նշել է, որ հունվար-փետրվար ամիսներին կառավարությունում ակտիվորեն քննարկվել են փոփոխությունները, սակայն, կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, ինչը կառավարության գերծանրաբեռնվածության պատճառ է դարձել, օրինագիծը Ազգային ժողով ուղարկելու գործընթացը ձգձգվել է:

Օրի Ալավերդյանի խոսքով՝ 2021թ. կավարտվի անշարժ գույքի հարկի հաշվարկման ներկա համակարգի գործողության ժամկետը, իսկ օրենսդրությամբ նախատեսվում է, որ հարկերի բարձրացում ենթադրող բարեփոխումները պետք է ընդունվեն ուժի մեջ մտնելուց 6-7 ամիս առաջ: Սրա հետ կապված՝ կառավարությունը ստիպված է հենց այս ժամանակահատվածում ներկայացնել փոփոխությունները:

 

  • Կիսվել: