ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գույքահարկի փոփոխությունները ընդհանրապես բյուջեի վրա ազդեցություն չեն ունենալու՝ ոչ վաղը, ոչ 2021-ին և ոչ էլ 2026 թվականին․ Ֆինանսների նախարար

Գույքահարկի փոփոխությունները ընդհանրապես բյուջեի վրա ազդեցություն չեն ունենալու՝ ոչ վաղը, ոչ 2021-ին և ոչ էլ 2026 թվականին․ Ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր ասուլիսում տարօրինակ համարեց հարցը, թե արյդոք բյուջեի վիճակը այդքան վատ է, որ ստիպված են գույքահարկի միջոցով բյուջե լցնել։

«Ներողություն եմ խնդրում հարցին գնահատական տալու համար՝ շատ տաօրինակ հարց է։ Ես և բոլորս երկար և մանրամասն ներկայացրել ենք՝ հարկային համակարգի փոփոխությունները մեկ օրում ծագած հարց չէ։ Դրանք մանրամասն գնահատումների ու քննարկումների արդյունքում ձևավորված մուտեցումներ են», - հայտարարեց Ջանջուղազյանը։

Ըստ նախարարի, գույքահարկի փոփոխությունները ընդհանրապես բյուջեի վրա ազդեցություն չեն ունենալու՝ ոչ վաղը, ոչ 2021-ին և ոչ էլ 2026 թվականին։

«Գույքահարկը համայնքային բյուջեի մաս է կազմելու։ Իսկ ինչ վերաբերում է համայնքի բյուջեին, ապա այս փոփոխության ազդեցությունը նկատելի կլինի 2021 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այսինքն՝ ինչքան էլ լավ կամ վատ լինի բյուջեի վիճակը, այս փոփոխությունը բյուջեի վրա ազդեցություն չի ունենա», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հունիսի 25-ին Ազգային ժողովը ընդունել էր, սահմանում է գույքային հարկի բեռի բարձրացում: Առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին:

Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ: Ավելի բարձր գույքահարկերին անցնելու համար սահմանվել է 6 տարի: Արդյունքում՝ անշարժ գույքի սեփականատերերը առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը:

  • Կիսվել: